05.10.2018 17:31

Լիզա Ճաղարյան. Ազնավուրի Ֆրանսիան ասպետության դաս տվեց աշխարհին

Լիզա Ճաղարյան. Ազնավուրի Ֆրանսիան ասպետության դաս տվեց աշխարհին

Ասաց՝ չկան մեծ եւ փոքր ազգեր։

Ասաց՝ չկան հզոր եւ թույլ պետություններ։

Ասաց՝ կան սիրով եկող եւ սիրով դեպի հավերժություն մեկնող մարդիկ, եւ Ֆրանսիան գիտի այդպիսի մարդկանց ճանապարհելու կերպն ու արժեքը:

Ասաց՝ հողագնդի հենասյունը Սերն է, եւ սիրո լիասիրտ ցուցադրությունն ասպետական շնորհ է։

Ասաց՝ Ֆրանսիան իր արցունքները չի թաքցնում, բայցեւ՝ արցունքը չի շփոթում էժանագին վայնասունի հետ, արցունքից թրջված թաշկինակը չի թափահարում հանդիսատեսին ի տես։

Ասաց՝ զգացմունքայնությունը քաղաքակրթության պակասի արտահայտություն չէ, բոլոր ժամանակներում քաղաքակրթության պակասի արտահայտությունը եղել է եւ կա կեղծիքը։ Եթե քո զգացմունքայնությունը նյարդայնացնում կամ քմծիծաղ է հարուցում, ուրեմն՝ կեղծ է, ուրեմն՝ աննրբանկատ է, ուրեմն՝ եսասիրական է, ուրեմն՝ անհարկի պաթետիկ է։

Ասաց՝ Ֆրանսիան երկրպագության աստիճան սիրում է Շարլին, ուզու՛մ է, որ աշխարհը տեսնի այդ սերը, ուզում է, որ աշխարհն էլ նույնքան սիրի Շարլին։

Ասաց՝ այս հրաժեշտի արարողությունը հավասարապես «Քեզ համար է, Հայաստան», որովհետեւ այդպես կցանկանար Ֆրանսիայի մեծ զավակ Շարլը։

Ասաց՝ Ֆրանսիայում պոետները երբեք չեն մեռնում...

... Եվ հենց այդ պահին ես փղձկացի, որովհետեւ Շարլի սիրելի Հայաստանում այս նախադասությունը հպարտությամբ բարձրաձայնելուց առաջ կոկորդդ պետք է լավ մաքրես, որ ունկնդիրները ձայնիդ մեջ չնկատեն ինքնավստահության բացակայությունը։