09.10.2018 11:59

Արսեն Գրիգորյան. ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել

Արսեն Գրիգորյան. ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել

Հեղափոխության դիմադրության օջախները կարծես վերացված են: Հետաքրքիր է, թե ուրիշ ի՞նչ է փորձելու անել ՀՀԿ-ն: Եթե նկատում եք, Արարատ Միրզոյանը հանդիպում է ՀՀԿ խմբակցության այն անդամների հետ, որոնք ՀՀԿ անդամ չեն:

Ես չգիտեմ, թե ինչու՞ հատկապես նրանց հետ, բայց էթիկական առումով վատ քայլ չէ: Մեծ հաշվով խմբակցությունից «փախցնում» են նրանց, ովքեր այսպես թե այնպես կուսակցական պարտավորություններ չունեն, դրանով նաեւ չեն վիրավորում կուսակցությանը: Իհարկե, Ալիկ Սարգսյանը եւ Արթուր Գեւորգյանը, որոնք հայտարարել են, որ կողմ են դեկտեմբերի արտահերթ ընտրություններին, կուսակցական են, սակայն կառավարությունը պաշտոնապես չի հայտարարել, որ աշխատել է նրանց վրա: Այնպես որ նրանց արածը համարենք ինքնագործունեություն՝ հանուն հեղափոխության:

Այս ամբողջ պատմության մեջ անհասկանալին դիմադրության տեւականությունն էր՝ ինչի՞ վրա էին հույսները դրել հանրապետականները: Ի՞նչ լծակ ունեին այդ մարդիկ: Ո՞վ էր նրանց ականջին շշնջացել, որ իրենց արեւը Հայաստանի երկնակամարում շուտով կուլ կտա հեղափոխության արեւը: Կարելի է տարբերակներ նշել, բայց, մեծ հաշվով՝ այդ մարդկանց սխալը իրենց հույսերում կրկին ժողովրդին մի կողմ դնելն էր: Չսովորեցին այդ մարդիկ ժողովրդին հաշվի առնել: Եվ բացառված չէ, որ այդ կուսակցությունում իսկապես մարդիկ կան, որոնք իրենց իրավացիությունը համարում են անվիճելի եւ կարծում են, որ այն ժողովրդական պատը կճեղքի: Ոչինչ չունեմ ասելու:

Ամբողջ 20 տարի այս մարդիկ կամերային աչքերով իշխանություն են իրացրել, ոչ մեկի կարծիքը չեն լսել, որովհետեւ առաջնորդվել են հրահանգով: Նրանց պետք է հասկանալ: Իրենք պարզապես այսպիսի վիճակներին սովոր չեն: Նրանց իրավացիությունը երբեք չի վիճարկվել: Նրանք ժողովուրդ չեն տեսել ոչ մարտի 1-ին նախորդող 9 օրերին, ոչ 2015-ի «Էլեկտրիկ Երեւանի» օրերին, ոչ էլ հեղափոխության օրերին: Նրանք իսկապես չեն տեսել: Կամերային աչքերը տեսնում են միայն այն, ինչն ի սկզբանե պիտի տեսնեն, նրանք տեսնում են ըստ կարգավորումների, էդ կարգավորումների մեջ ժողովրդական զանգվածները չկան: Եվ այդ պատճառով չհասկացան, որ, մասնավորապես՝ վերջին օրերին կրակի հետ էին խաղում եւ այդ կրակի մեջ խաղացնում էին ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, որոնք արդեն հասկացել են, որ ոչ թե խաղացել են, այլ փոս են փորել: Հայտնի ասացվածքի օրինակով՝ ընդամենը գլխի են ընկել, թե փոս փորողն ում համար է դա անում:

Փոխարենը ՀՀԿ-ում իրավիճակ է փոխվել: Նրանք պաշարված են ժողովրդական ատելությամբ, եւ այդ ատելությունն արդեն ճեղքել է պաշարումը: Այս մարդիկ առաջին անգամ հասկանում են, որ բանակցությունների միջոցով գոնե վերածվում են քաղաքական ֆակտորի: Ճիշտ է, դրանք կապիտուլյացիոն բանակցություններ են, բայց նրանք արդեն իրավիճակին սովորում են նայել քաղաքականության միջով: Սա կարեւոր ձեռքբերում է, թեպետ Աշոտյանը, Շարմազանովը եւ մի քանի «քաղաքական» դեմքեր տղայականով դեռ դիմադրում են: Շուտով նրանք էլ կնահանջեն, հենց հասկանան, որ դարձել են ինքնուրույն խաղացող, որը մեկ այլ դուռ է քաղաքականության մեջ մնալու, թեպետ դեռ՝ լուսանցքից: Ոչ մի կասկած, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հենց դեկտեմբերին: Եվ ոչ մի կասկած, որ ՀՀԿ-ն, մեծ հաշվով, չի դիմադրի:

Բայց ամենասարսափելին արդեն տեղի է ունենում, երբ առանձին-առանձին են ՀՀԿ-ում հայտարարում արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու անհրաժեշտության մասին: Դա նաեւ կուսակցության ընդհանուր գծի վրա թքած ունենալու հրովարտակ է, իսկ դա պակաս քաղաքական կեցվածք է: Միակ ճանապարհը հնարավորինս շուտ քաղաքական հայտարարությամբ ընդհանուր պահանջին միանալն է՝ թեկուզ հեռանալու գնով: Քաղաքականությունը մեծ «սիրտ» ունի, այն ոչ մեկին դուրս չի մղում իրենից, եթե, իհարկե, ի սկզբանե քաղաքականություն չես մտել «ռազբորկաներով» արեւի տակ տեղ ունենալու մենթալիտետով: Դրա վերջը մի քանի օր առաջ տեսանք: