12.10.2018 17:45

Լիզա Ճաղարյան. ԱԺ-ն պետք է լուծարվի հարյուր հազարավորների աչալուրջ ներկայությամբ

Լիզա Ճաղարյան. ԱԺ-ն պետք է լուծարվի հարյուր հազարավորների աչալուրջ ներկայությամբ

Դեռ օրեր են մթնելու ու անց կենան։ Մի գիշերվա ընթացքում գունափոխվողները դեռ ժամանակ ունեն նորից եւ կրկին գունափոխվելու։ Երկու տասնյակ տարիների նրանց հղփացած ու «գունագեղ» քաղաքական կենսագրությունը հուշում է, որ ժողովրդի վերջնական հաղթանակի մասին բարձրաձայնելը վաղ է։

ՀՀԿ-ականներին կից հացկատակների գերակտիվությունը, ոչնչից մեծ աղմուկ հրահրելը, լուսանցքում հայտնված որոշ քաղաքական գործիչների հարայհրոցը՝ հասեք, փրկեք, սպանում են, նաեւ ողջ կյանքում քծնելուց դենը ոչնչով աչքի չընկած սազանդարների, խելքները գրեթե թռցրած որոշ կանանց պոռոտախոսությունը հուշում է՝ եթե հնարավոր լինի կախվել թեկուզ կոտրված ճյուղից, սրանք անպայման այդպես էլ անելու են։

Վարագույրի հետեւից խամաճիկների թելերը ձգող փողատերերը դեռ հույսները չեն կտրել։ Նրանք շարունակում են սրանց ղեկավարել, յուրաքանչյուրն իր թալանածի չափով, իր ուղեղի ծալքերի թվի չափով, իրենց գլխին կախված արդարադատության վտանգի մեծությանը համարժեք վախի չափով։

Սպասել, որ սրանք գեթ կկակազեն արդարադատության, ժողովրդավարության, ազատ խոսքի եւ այլեւայլ արժեքների մասին ճամարտակելիս, միամտություն է։ Մտածել, որ սրանք գլուխ գլխի հավաքված կամ չորս պատի մեջ մենակ մնացած պահերին հիշում են իրենց չարագործություններն ու զղջում, սա կրկնակի միամտություն է։ Այս մարդիկ ընդամենն ափսոսում են, որ հիմա այլեւս չեն կարող բռնաբարել արդարադատությունը, ոտնատակ տալ ժողովրդավարական արժեքները, չեն կարող սադիստի հետեւողականությամբ ծաղրել Սահմանադրությունը, չեն կարող բանտերը լցնել «սանձարձակ» ազատասերներին։ Եվ եթե մի հրաշքով որեւէ դուռ թեկուզ կիսաբացվի, վայրի հորդայի նման կջարդեն այդ դուռն ու կներխուժեն՝ ճանապարհին հանդիպած ամենը գետնին հավասարեցնելով։

Չափազանցու՞մ եմ։ Այո, չափազանցություն է նման հնարավորության հավանականությունը, իսկ ահա՛ նման հնարավորության դեպքում սրանց հուդայությունն անհավանական չէ ամենեւին։ Մինչ օրս գոնե կիսաձայն լսե՞լ եք, որ սրանք զղջում են իրենց բազմահատոր ոճրագործությունների, անսահմանության ձգտող ալան-թալանի համար։ Չեք լսել։ Հոխորտանքներ՝ որքան ուզեք։ Հետհեղափոխական բոլոր օրերին Հայաստանի քաղաքացիներն ակնդիրն ու ունկնդիրն են մի եղկելի թամաշայի։ Արյունռուշտ բռնակալը մարդասիրությունից է բարբաջում։ Թալանչին արդարադատության մասին բայաթի է վեր քաշում։ Քծնանքի խորհրդանիշ հացկատակն անաչառության ու անկաշառության մասին է վայնասուն բարձրացնում, երկար տարիներ գողերին ու մարդասպաններին լաքեյի պես ծառայողը հոխորտում է, որ ինքը չի գողացել ու չի սպանել, ուրեմն եւ՝ իրավունք ունի ազնվության մասին ճառեր ասելու։

Եվ ո՛չ մի զղջում, ոչ մի մեղայական խոսք, ոչ մի կիսաձայն ներողամտության հայցում այն հասարակությունից, որին երկար տարիներ խոշտանգել են ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, որին նվաստացրել են, որին գաղթական են դարձրել։

Չկա՛, չի նշմարվում։ Հակառակը՝ իրենք անսպասելի «համեստացել են» ու ասպարեզ նետել իրենց լափամանից օգտվող «վեցնոցներին»։

Հո չե՞ք կարծում, որ ողջ կյանքում երկտակվելով իրենց գոյությունը քարշ տված, իրենց տնամերձը պետության հետ նույնացնող օճառափրփուրները մեկ էլ հանկարծ առյուծ են կտրել։

Ո՛չ։ Սրանք դեռ հույս ունեն, որ մի գիշերվա ընթացքում կարող է իրավիճակ փոխվել։

Եվ ունե՛ն այդ հույսը, որովհետեւ հույս տվողն էլ կա։

Նպատակս վախեցնելը չէ։ Նպատակս հիշեցնելն է, որ ՀՀԿ-ական ավազակախմբից, սրանց հարակից ուժերից եւ վարագույրի հետեւից այս խամաճիկների թելերը քաշողներից ամեն ինչ սպասելի է։ Եվ դրա մասին չպետք է մոռանալ ու չափից ավելի ոգեւորվել՝ կորցնելով զգոնությունը։

Քանի դեռ Ազգային ժողովը չի լուծարվել, հասարակությունը պետք է կազմուպատրաստ լինի՝ հեղեղելու Երեւանի փողոցները։

Ազգային ժողովը պետք է լուծարվի հարյուր հազարավորների աչալուրջ հայացքի ներքո։

Վստահ եմ, որ այդպես էլ կլինի, բայցեւ ավելորդ չեմ համարում հիշեցնելը, որ վերջերս բարոյականության ու արդարության մասին կոկորդ պատռող այս խորտակվող նավի մեջ պատեպատ զարկվողները ոչ մի սրբություն չունեն եւ ընդունակ են ցանկացած գունափոխության։