13.10.2018 22:49

Արմեն Գյուլբուդաղյանց. Այս պարտությունն անսպասելի էր…

 Արմեն Գյուլբուդաղյանց. Այս պարտությունն անսպասելի էր…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց խոսեց Ջիբրալթարի թիմից կրած նվազագույն հաշվով տնային պարտության մասին:

«Դաժան պարտություն էր: Դուք էլ տեսաք, որ ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր, պարզապես չկարողացանք օգտագործել դրանք:

Եթե չհաշվենք 11 մետրանոցի դրվագը, Հրայր Մկոյանը վատ չխաղաց: Մկոյանը փորձառու ֆուտբոլիստ է եւ երկար տարիներ խաղում է Հայաստանի հավաքականում: Ցանկանում էինք, որ այս խաղով նա լավ մարզավիճակ ձեռք բերեր:

Գոլային պահերն իրացնելու հետ կապված խնդիրների մասին կասեմ, որ Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք կբերի եւ գոլեր կլինեն: Մենք սպասում էինք, որ Մովսիսյանը կմասնակցի միայն առաջին խաղակեսին: Ինձ թվում է, որ նրա ֆիզիկական պատրաստվածությունը թույլ կտա անցկացնել մեկ խաղակես: Յուրայի մոտ ոչ թե ֆիզիկական պատրաստվածության խնդիր է, այլ խաղային պրակտիկայի պակասի: Իհարկե, միայն հավաքականում խաղալով խաղային պրակտիկա ձեռք չեն բերում: Մենք գիտենք Յուրայի մեծ ցանկությունը եւ պատրաստակամությունը: Վստահ եմ, որ հաջորդ խաղում նա ավելի լավ կխաղա, ավելի շատ կստեղծի գոլային պահեր եւ գոլ կխփի:

Ինձ համար կարեւոր է ոչ թե գնդակի շատ վերահսկումը, այլ գոլային պահերի ստեղծումը: Գոլային պահեր ունեցանք, բայց համաձայն եմ, որ որոշ դեպքերում վերջին փոխանցումը չէր ստացվում, որ կարողանային դատարկ դարպասին գոլ խփել: Պարզապես այսօր չստացվեց:

Չեմ ասի, որ այլեւս անելիք չունենք Ազգերի լիգայում: Տեսականորեն հնարավորություն դեռ ունենք եւ կպայքարենք մինչեւ վերջ:

Հավաքականում իմ մնալու եւ չմնալու հարցը կորոշեն ղեկավարները: Մինչեւ 2020 թվականը կաշխատեմ իմ գիտելիքները, փորձը եւ եռանդը փոխանցել մեր հավաքականին, որպեսզի հասնենք հաղթանակի: Իսկ թե որքանով կհաջողվի, դա չեմ կարող ասել:

Իհարկե, այս պարտությունն անսպասելի էր: Ֆուտբոլում ամեն ինչ էլ պատահում է: Շատ ցավալի պարտություն էր, որի պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում՝ սկսած կազմից, գոլի դրվագից. ամբողջ պատասխանատվությունն իմն է:

Իհարկե, մենք պարտավոր էինք հաղթել, բայց եթե նայեք պատմությանը, այսպիսի դեպքեր եւս լինում են: Այս պարտության մեղավորը ես եմ:

Հավատացեք երկրպագուների «ամոթ» վանկարկումները ֆուտբոլիստներին չէին վերաբերվում: Ես անմնացորդ նվիրվածություն տեսա խաղացողների մոտ: Նրանք փորձեցին մինչեւ վերջ, պարզապես չստացվեց: Կորող եմ ասել, որ ունեցանք 7-8 իրական գոլային պահ, իսկ մրցակիցն այդ կասկածելի 11 մետրանոցից բացի, ոչինչ չստեղծեց մեր դարպասի մոտ:

Պետրոս ԱՎետիսյանը չխաղաց, քանի որ պետք է ընտրություն կատարեինք նրա ու Մարկոս Պիզելիի միջեւ: Իհարկե, պետք է երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին աստիճանաբար բերենք Հայաստանի ազգային հավաքական»,- նշեց Գյուլբուդաղյանցը

Հիշեցնենք, որ դա Արմեն Գյուլբուդաղյանցի ներամուտի խաղն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Հոկտեմբերի 16-ին հայկական թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի նաեւ խմբի առաջատար Մակեդոնիայի թիմին, որին առաջին շրջանում պարտվել է 0:2 հաշվով: