15.10.2018 11:09

Լրագրողի անհետացումը. Եվրոպան հետաքննություն է պահանջում

Լրագրողի անհետացումը. Եվրոպան հետաքննություն է պահանջում

Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել պատշաճ հետաքննություն անցկացնել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման կապակցությամբ: Մինչդեռ Սաուդյան Արաբիայի իշխանություններն սպառնում են, որ ցանկացած հնարավոր պատժամիջոցների դեպքում կպատասխանեն ավելի խիստ միջոցներով:

Էր Ռիադի իշխող դինաստիայի քննադատ Հաշոգին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում մտել էր Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և այնտեղից դուրս չէր եկել: Թուրքիայի իշխանությունների համոզմամբ՝ սաուդյան գործակալները նրան սպանել են հյուպատոսության տարածքում: Սաուդյան Արաբիան պնդում է, որ դա սուտ է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Սաուդյան Արաբիան դաժանորեն կպատժվի, եթե պարզվի, որ նա պատասխանատու է անհետացած լրագրողի սպանության համար:

Կիրակի օրը SPA պետական լրատվական գործակալությունը հրապարակել է անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի հայտարարությունը, որում ասվում է, թե Սաուդյան Արաբիան մերժում է լրագրողի անհետացման հետ կապված քաղաքական և տնտեսական ցանկացած սպառնալիք:

Կիրակի օրը հրապարակվել է նաև Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք կոչ են անում անցկացնել վստահություն ներշնչող հետաքննություն և պատասխանատվության ենթարկել Հաշոգիի անհետացման մեղավորներին:

Փոխանցում է BBC-ն: