15.10.2018 14:26

ՌԴ-ն Իրանին կօգնի շրջանցել ամերիկյան պատժամիջոցները

ՌԴ-ն Իրանին կօգնի շրջանցել ամերիկյան պատժամիջոցները

Ռուսաստանը մտադիր է օգնել Իրանին՝ երաշխավորելու իր շահերը ԱՄՆ-ի կողմից սպառնացող պատժամիջոցների ֆոնին:

Ինչպես փոխանցում է իսրայելական Mako  գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ փաստաթղթերին, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են այն մեխանիզմների վերաբերյալ, որոնք Վաշինգտոնի տնտեսական պատժամիջոցների դեպքում նվազագույնի կհասցնեն վնասը: Փաստաթղթի համաձայն՝ Իրանն իր հում նավթը Կասպից ծովով կուղարկի Ռուսաստանում գտնվող նավթամշակման գործարաններ: Իսկ այնտեղից նավթը կվաճառի Ռուսաստանը, որն Իրանին կփոխհատուցի հումքի համար:

Պարբերականը նշում է, որ այդ կերպ Ռուսաստանն առաջ է մղում իր շահերը՝ հիմնականում կանխելով կամ, ծայրահեղ դեպքում՝ հետաձգելով իրանական տնտեսության խնդիրները:

Նույն փաստաթղթի համաձայն՝ այդ գաղտնի համաձայնագիրը ձևավորվել է  Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողովում, որը կայացել է Թեհրանում սեպտեմբերի սկզբին:

Փաստաթուղթը նաև ենթադրութնուն է անում, թե համագործակցության պատրաստ են ոչ միայն Ռուսաստանը և Իրանը, այլև Եվրոպան, որը «լուռ կհամաձայնի», որ Թեհրանը շարունակի նավթ վաճառել ասիական երկրներին:

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ առնչություն չունի ԶԼՄ-ների ստացած գաղտնի փաստաթղթերի տեղեկատվության հետ:

Փոխանցում է Interfax-ը: