15.10.2018 21:29

Արսեն Գրիգորյան. Իսկական քաղաքացին Քոչարյանի վերադառնալու անհնարինությունն է

Արսեն Գրիգորյան. Իսկական քաղաքացին Քոչարյանի վերադառնալու անհնարինությունն է

Վաղը Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի վարչապետի պաշտոնից: Այսինքն, կհեռանա, որ վերադառնա: Անշուշտ, կարող է մնալ նաեւ առանց հրաժարականի: Բայց դա խցանում է: Պետական կառավարման խցանում:

Մնալ, նշանակում է մնալ հանուն դրա, այսինքն, հանուն մնալու: Նշանակում է, մատնել, որ գլխավորը այսրոպեական իշխանությունն է: Մնալ, նշանակում է մատնել վախը, որ ինչ-որ մեկը այն խլելու ուժ ունի: Մնալ, նշանակում է մնալ հանուն մի կառավարության, որը քո դեմքով է եւ նմանությամբ: Մնալ, նշանակում է տրվել սիրո ինքնահոսին, որ կա ժողովրդի մեջ եւ այն չվերածել սահմանադրական լեգիտիմության: Մնալ, նշանակում է սեփական մեջքիդ ամրությունը մրցակցության մեջ դնել ՀՀԿ-ի կամ Քոչարյանի մեջքի ամրության հետ, որում մեկիդ ողնաշարը ժողովուրդն է, մյուսի ողնաշարը՝ դավադրությունը: Մնալ, նշանակում է երկիրը թողնել առանց ընդդիմության: Որովհետեւ եթե չկան ընտրություններ, չկա ընդդիմություն: Իսկ հեղափոխական իշխանությունը նույնիսկ լավագույն մղումներով, միեւնույն է, ոչնչով օրինականացված չէ:

Մնալ, նշանակում է հեղափոխությունը զրկել իր զարգացման տեմպից, այսինքն, սնուցող երակներից, որոնցից ամենաէականը ընտրություններն են: Հեղափոխությունը ֆիքսել է այն գիտակցությունը, թե ինչը պետք է փոխել: Հեղափոխությունը հաղթանակ չէ: Եվ սա ամենից լավ ՀՀԿ-ականներն ու Ռոբերտ Քոչարյանը գիտեն: Նրանք կյանքի արհեստական ապարատին միացված գոյացություններ են, որոնք մինչեւ վերջ չեն ճշտել իրենց ավելորդությունը: Դա հաշմում է նրանց որպես ավելորդություն: Նրանց էլ է ֆիզիկապես պետք հասկանալ, թե որպես քաղաքական միավոր որտեղից սկսեն: Հիմա նրանց դեռ թվում է, թե կարող են կարգին չմեռած հարություն առնել: Ընտրությունները պետք է ֆիքսեն նրանց «մահը»: Սա Հայաստանում պետք է բոլորին, եւ սպիտակներին, եւ սեւերին: Վարչապետը սա գիտի: Ուստի հրաժարական է տալիս: Սա պետք է հասկանան նախ ռեւանշիստները:

Մեծ հաշվով դիմադրությունը դադարեցնելու պատճառը սա հասկանալը չէր, որովհետեւ այդքան շատ չեն հեռացել իշխանությունից գոնե իրենց մտքերում: Ընդամենը 5 ամիս առաջ նրանք Հայաստանում ամեն ինչ էին: Նրանք դիմադրությունը դադարեցրել են, որովհետեւ չգիտեն, թե ինչպես պատասխանեն ժողովրդական ալիքին: ՀՀԿ-ն հազիվ թե ռեսուրս ունենա լինելու նոր ձեւավորվող օրինական իշխանության ընդդիմությունը, նրանք նաեւ ընդդիմություն լինելու լեգիտիմությունն են կորցրել, բայց վաղ թե ուշ պիտի ձեւավորվի էդ ընդդիմությունը: Եթե հեղափոխությունը ձեւավորի էդ ընդդիմությունը առանց ընտրությունների, նա ընդդիմության ձեռքն է տալիս դարձյալ հեղափոխական ճանապարհով իշխանություն ձեւավորելու միտումը: Այդ դեպքում մեր ինչի՞ն են պետք Սահմանադրությունը եւ օրենքները: Հետեւաբար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը անհրաժեշտություն է:

Ոչ մի կասկած, որ նա կրկին կստանձնի վարչապետի պաշտոնը: Բայց երբ Քոչարյանն ուզում է վերադառնալ, նա միայն իշխանության հաճույքն է ուզում, Հայաստանի ամեն քաղաքացի չէ, որ իշխանություն ունենալու հնարավորություն ունի: Քոչարյանին քիչ է հետաքրքրում քաղաքացին: Իսկ քաղաքացին, իսկական քաղաքացին Քոչարյանի վերադառնալու անհնարինությունն է: Նրանը իր երկրում քաղաքացի լինելու առիթն է ու հնարավորությունը: Բայց դա արդեն անշրջելի կդարձնի այն, ամենը, ինչը մեր վրա նստեց կեղծված ընտրություններ, հոկտեմբերի 27 եւ մարտի 1: