16.10.2018 11:49

Թրամփ. Սաուդցի լրագրողի անհետացման համար մեղավոր են «պատահական մարդասպաններ»

Թրամփ. Սաուդցի լրագրողի անհետացման համար մեղավոր են «պատահական մարդասպաններ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման մեջ մեղավոր են «պատահական մարդասպաններ»:

Սաուդյան արքա Սալմանի հետ հեռախոսազրույցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարը կտրականապես հերքում է, թե իրեն ինչ-որ բան հայտնի է Հաշոգիի ճակատագրի մասին: «Ըստ երևույթին՝ դրանք ինչ-որ պատահական մարդասպաններ են եղել, ո՜վ գիտի», - ասել է Թրամփը:

 Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն շտապ մեկնել է Սաուդյան Արաբիա:

Մինչդեռ Թուրքիայի ոստիկանությանը թույլատրվել է մուտք գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենք, որտեղ վերջին անգամ տեսել են լրագրողին: Թուրքական իշխանությունները ենթադրում են, որ Հաշոգին սաուդյան գործակալների կողմից երկու շաբաթ առաջ սպանվել է հենց հյուպատոսության շենքում: Ու թեև Էր Ռիադը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը, ամերիկյան լրատվամիջոցներում  չհաստատված տեղեկություն է հայտնվել, թե Սաուդյան Արաբիան մտադիր է խոստովանել, որ Հաշոգին մահացել է հարցաքննության ժամանակ, իսկ դրանից առաջ որոշված է եղել առևանգել նրան:

Անցյալ շաբաթ օրը Թրամփը սպառնացել էր Էր Ռիադին խստորեն պատժել, եթե հաստատվի, որ լրագրողն սպանվել է հյուպատոսության շենքում: Սակայն նա բացառել էր Սաուդյան Արաբիայի հետ ռազմական շփումները խզելու հավանականությունը:

Փոխանցում է BBC-ն: