16.10.2018 11:56

Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է կապը Կոստանդնուպոլսի եկեղեցու հետ

Ռուս ուղղափառ եկեղեցին խզել է կապը Կոստանդնուպոլսի եկեղեցու հետ

Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդը որոշում է կայացրել լիովին խզել հարաբերությունները Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքության հետ, Մինսկում կայացած սինոդի ավարտից հետո ճեպազրույցում հաղորդել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը:

ՌՈՒԵ-ի այս քայլը պատասխան է Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու սինոդի՝ առաջիկայում Ուկրաինայում ուղղափառ եկեղեցուն անկախություն շնորհելու գործընթաց սկսելու որոշմանը:

Հոկտեմբերի 11-ին Կոստանդնուպոլսի պատրիարքը չեղարկել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարքության ղեկավար Ֆիլարետի բանադրանքը և XVII դարի փաստաթուղթը, ըստ որի, ինչպես համարում են ՌՈՒԵ-ում, իր իրավասության տակ էին անցնում ներկայիս Ուկրաինայի տարածքները:

Մոսկովյան պատրիարքության մամլո քարտուղարը հայտարարել է, որ նման որոշում կայացնելով՝ Կոստանդնուպոլիսն «անցել է կարմիր գիծը», ուստի սինոդը պետք է «համարժեք և կոշտ պատասխան» տա Կոստանդնուպոլսի քայլերին:

«Ըստ ՌՈՒԵ-ի՝ այդ բոլոր որոշումներն անօրինական են: ՌՈՒԵ-ն չի ընդունում դրանք և չի հետևի այդ որոշումներին: Պառակտումը մնում է պառակտում», - հայտարարել է միտրոպոլիտ Իլարիոնը:

Փոխանցում է BBC-ն: