16.10.2018 14:32

Եգիպտոսի դեսպան. Արաբական երկրները մտահոգված են

Եգիպտոսի դեսպան. Արաբական երկրները մտահոգված են

Երեքշաբթի արաբական 13 պետությունների դեսպաններ հանդիպում են ունեցել Կամբեռայում, որի ընթացքում մտահոգություն են հայտնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ Ավստրալիայի որոշման կապակցությամբ: Այդ մասին Reuters-ին հայտնել է Ավստրալիայում Եգիպտոսի դեսպան Մուհամեդ Հայրաթը:

«Մենք պայմանավորվեցինք, որ նամակ կուղարկենք արտաքին գործերի նախարարին և կարտահայտենք մեր անհանգստությունն ու մտահոգությունը այդ հայտարարության կապակցությամբ: Ցանկացած այդպիսի որոշում կարող է խանգարել խաղաղ կարգավորման գործընթացին… Դա կարող է չափազանց բացասաբար ազդել Ավստրալիայի և արաբական պետությունների միջև հարաբերությունների, նաև այլ երկրների հետ նրա հարաբերությունների վրա»,- ասել է դեսպանը:

Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության առանցքային խնդիրներից է: Ներկա պահին ԱՄՆ-ի և Գվատեմալայի դեսպանությունները (2018 թ. մայիսի 14-ից և 16-ից) գտնվում են Երուսաղեմում:

Արաբական պետությունների լիգան Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումն անվանել է չափազանց վտանգավոր գործողություն, որի հետևանքները Վաշինգտոնն ուղղակի չի պատկերացնում:

Փոխանցում է tass.ru-ն: