16.10.2018 15:27

Հայաստանն, առնվազն երկու շաբաթով, թեւակոխում է լարված սպասման շրջան

Հայաստանն, առնվազն երկու շաբաթով, թեւակոխում է լարված սպասման շրջան

Այսօր սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Կառավարության այսօրվա արտահերթ նիստում նա ասել է, որ երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Սա խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ տարբերակն է: Վարչապետը հրաժարական է տալիս, ԱԺ-ն երկու անգամ նոր վարչապետ չի ընտրում, եւ ապա խորհրդարանը ցրվում է օրենքի ուժով:

Ու հիմա, երբ արդեն հայտնի է հրաժարականի օրը, հանրության շրջանում անհանգստություններ կան, իսկ եթե խորհրդարանական ուժերը թեկնածու առաջադրե՞ն:  Հատկապես հաշվի առնելով երկու շաբաթ առաջ տեղի ունեցածը, երբ ԱԺ 4 խմբակցություններից 3-ը՝ երեկոյան, առանց տեղյակ պահելու, արագ ու ձեռքով քվեարկեցին ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի օգտին, որը որակվեց որպես հակահեղափոխական: Ճիշտ է, դրանից հետո, Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հուշագիր ստորագրեցին, որով ԲՀԿ-ն պարտավորվեց վարչապետի հրաժարականից հետո թեկնածու չառաջադրել, դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարեցին ՀՀԿ-ական նախկին ու ներկա 16 պատգամավորներ, հետո էլ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ-ն, թե թեկնածու չի առաջադրելու, ՀՅԴ-ն էլ՝ ըստ էության, ընդունեց, որ ժողովրդի ցանկությամբ կառաջնորդվեն:

Ու այսօր, երբ սպասվում է Փաշինյանի հրաժարականը, ԱԺ երկու խմբակցություններ նորից են վերահաստատում. թեկնածու չեն առաջադրելու:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անգամ թեկնածու առաջադրելը որակեց որպես ինքնասպանություն՝ բացառելով, որ որեւէ քաղաքական ուժ թեկնածու կառաջադրի:  

«Որևէ քաղաքական ուժ ինքնասպան չէ, որ վարչապետի թեկնածու առաջադրի»,- ասաց նա: 

Զոհրաբյանի խոսքով, «որևէ արտակարգ իրավիճակ չի լինի՝ վարչապետը հրաժարական կտա, ԱԺ-ն երկու շաբաթ անընդմեջ չի ընտրի վարչապետ, և խորհրդարանը կլուծարվի»:

Նա նշեց, որ 2 շաբաթը հանգիստ, խաղաղ, անաղմուկ կանցնեն, և մենք կթևակոխենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման փուլ:

Թեկնածու չառաջադրելու մասին խոսեց նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017-ի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,-նշեց Ռուստամյանը:

Ռուստամյանն ասաց, թե  կողմնակից են, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, «այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»:

Ինքը Փաշինյանն այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց, «Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը»:

Դե ինչ, հրաժարականին մնացին հաշված ժամեր, իսկ Հայաստանը  առնվազն երկու շաբաթով թեւակոխում է լարված սպասման շրջան: Հանրությունը արտահերթ ընտրություններ է ցանկանում, բայցեւ չի վստահում քաղաքական ուժերի խոստմանը, ուստի անհրաժեշտության եւ ֆորս մաժորի դեպքում պատրաստ է երկու շաբաթ էլ անցկացնել փողոցներում՝ թույլ չտալու համար, որ արտահերթ ընտրությունների ծրագիրը խափանվի եւ իրենից խլեն հեղափոխության հաղթանակը: