16.10.2018 22:59

Իգոր Անգելովսկի. Պարզապես Հայաստանի հավաքականը շատ ուժեղ ֆուտբոլ խաղաց

Իգոր Անգելովսկի. Պարզապես Հայաստանի հավաքականը շատ ուժեղ ֆուտբոլ խաղաց

Ֆուտբոլի Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին  Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպման հետխաղյա ասուլիսում խոսեց Հայաստանի թիմից կրած 4:0 հաշվով պարտության մասին:

«Ես արդեն նշել էի, որ սա շատ կարեւոր խաղ էր մեզ համար: Չեմ կարծում, որ մեր խաղացողների մոտ կար հանգստություն: Պարզապես Հայաստանի հավաքականը շատ ուժեղ ֆուտբոլ խաղաց, ինչի համար շնորհավորում եմ ձեզ: Մենք ամեն ինչ անում էինք լավ արդյունքի հասնելու համար: Խմբային փուլի ավարտին կա 2 հանդիպում եւ մենք կփորձենք առավելագույնին հասնել այդ խաղերում:

Ես երբեք չեմ մեկնաբանում մրցավարի գործողությունը: Խաղն ն ավարտված է, եւ ես ասելու ոչինչ չունեմ:

Հայաստանի հավաքականը չզարմացրեց մեզ: Այսօր մենք պարտվեցինք ոչ թե տակտիկապես, այլ անհատական սխալների պատճառով:

Ես զարմացել էի, որ Հայաստանի հավաքականը պարտվեց Ջիբրալթարին, սակայն ֆոտբոլում այդպիսի բաներ լինում են եւ թիմերից մեկը հաղթում է:

Ես երբեք չեմ ծիծաղում, սակայն հիմա կժպտամ ձեզ համար»,- նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: 3-ական միավոր ունեն Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնը, որոնք այս տուրում կմրցեն իրար հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Մակեդոնիայի հավաքականիների միջեւ առաջին շրջանի խաղում մակեդոնացիները տնային հաղթանակ են տարել 2:0 հաշվով: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երեւանում նվազագույն հաշվով պարտվել էր Ջիբրալթարի հավաքականին, որն իր պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերը կանցկացնի նոյեմբերի 16-ին ու 19-ին՝ հյուրընկալվելով Ջիբրալթարին ու Լիխտենշտեյին: