17.10.2018 13:46

ԱԺ արձակման համար Փաշինյանը կարող է նաեւ առաջադրվել ու չընտրվել

ԱԺ արձակման համար Փաշինյանը կարող է նաեւ առաջադրվել ու չընտրվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրույցում չի բացառել, որ ԱԺ-ն օրենքի ուժով լուծարելու համար՝ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով կարող է առաջադրվել վարչապետի թեկնածու՝ պայմանով, որ իր օգտին չեն քվեարկի:

Հիշեցնենք, որ ըստ Մայր օրենքի, ԱԺ-ն արձակվում է, եթե 14 օրվա երկու անգամ վարչապետ չի ընտրվում: Իրավաբանների վեճն այն մասին է, թե արդյո՞ք այնտեղ էական է քվեարկության պահը: Այսինքն, ԱԺ-ն լուծարվում է՝ եթե թեկնածու առաջադրվում է եւ նրա օգտին չե՞ն քվեարկում, թե եթե թեկնածու չի առաջադրվում ընդհանրապես:

Փաշինյանն ասել է, որ երեկ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում հեղինակավոր իրավաբանների մեծ մասն ասում էր, որ առաջադրվելու անհրաժեշտությունը չկա, բայց դեռ կային նաև իրավաբաններ, ովքեր ասում էին, որ ամեն դեպքում ճիշտ է այդ սցենարը։

«Նկատի ունեմ, որ այստեղ քաղաքական հարց չկա, որ ասեմ՝ մեր քաղաքական դիրքորոշումը սա է, իրավաբանների խնդիրն է։ ճիշտ է՝ վերջում բանավեճերի արդյունքում կայացվելու է քաղաքական որոշում, սակայն հարցը քաղաքական ենթատեքստ չունի:

Մեծ է հավանականությունը, (իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին), որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվի, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն՝ իհարկե, չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք»,- ասել է Փաշինյանը: