17.10.2018 15:20

Արսեն Գրիգորյան. «Հացի եւ տեսարանների» անցումային ժամանակաշրջան

Արսեն Գրիգորյան. «Հացի եւ տեսարանների» անցումային ժամանակաշրջան

Պարզ է, որ վարչապետի հրաժարականն այն մասին չէ, որ հաջորդ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չէ: Երկիրը պատրաստվում է ընտրությունների: Առայժմ՝ սուս ու փուս: Ովքե՞ր կարող են ակտիվանալ այս ընթացքում, որպեսզի խլեն առաջնորդության դափնին: Կարծես թե այդպիսի ուժեր էլ չկան:

Կա, սակայն, ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը: Որոնք առաջիկա ընտրություններում կարծես թե չեն լինելու: ՀՀԿ-ն դուրս է մղվում խորհրդարանից, իսկ դա նշանակում է, որ երկու շաբաթ ունեն համը հանելու համար: Այսինքն, Հայաստանը դեռ ականապատված է: Եվ վստահ չեմ, որ նույնիսկ ընտրությունները Հայաստանը կազատեն ականապատումից: Անշուշտ, հեղափոխությանը պետք կգան «ականները», որպեսզի ժողովուրդը միշտ հիշի, թե ինչից է պրծել: «Ականները» Հոլոքոսթի թանգարանի նման մի բան են: Այն միշտ լինելու է, որպեսզի մարդկությանը հիշեցնի, թե ինչ արհավիրքներ են եղել այս մոլորակի վրա: Առավել տարօրինակ է այն, որ որոշ «ականներ» արդեն իսկ տեղավորվում են հեղափոխության մեջ եւ նույնիսկ հայտարարում, որ իրենք «նոր Հայաստանի կողմնակիցն են»: Թվում է, թե սա բոլորիս շունչ քաշելու տեղ է թողնում, որ, ի վերջո, հեղափոխությունը մտնում է բոլորի տները, բոլորն զգում են իրենց օգտակարությունը նոր Հայաստանում:

Այս ընթացքում, սակայն, իր մասին զգացնելու է հատկապես Ռոբերտ Քոչարյանը: Սարսափելին այն է, որ ինքն իրեն ընկալում է քաղաքական գործիչ, եւ պարզ է, որ այս ընթացքում նա փորձելու է թիկունք լինել խորհրդարան մտնելու քիչ թե շատ ռեալ հավակնություն ունեցող որեւէ քաղաքական ուժի: Այսինքն, փորձելու է լոբբիստ «գործուղել» խորհրդարան: Սակայն, մեծ հաշվով՝ առաջիկա երկու շաբաթը ներքաղաքական առումով լինելու է մեռելային: Բոլորը գիտեն, որ վարչապետի թեկնածու չի առաջադրվելու: Ավելի լավ է՝ պատրաստվեն ընտրություններին:

Մենք հնարավորինս շատ ենք լսելու վարչապետի պաշտոնակատարին գովերգող նախադասություններ քաղաքական գործիչների շուրթերով: Որովհետեւ Հայաստանում դեռ ոչ ոք չեղյալ չի համարել հետեւի դռնից իշխանության մեջ մտնելու պրակտիկան: Հեղափոխություն տեսած Հայաստանը հավանաբար կազատվի նաեւ այսպիսի մարդկանցից, սակայն մինչ այդ նրանցից ոմանք կօգտվեն «բարիկադների» բացակայությունից: Առաջիկայում կուսակցությունները կարող էին ակտիվանալ: Սակայն հեղափոխությունը դեռեւս միայն տպավորությունների դաշտում է, այնպես որ կուսակցությունները նույնպես պետք է սպասեն, որպեսզի իրենցից ինչ-որ բան ներկայացնեն:

Թերեւս՝ առաջիկայում սպասենք հին հանցագործությունների նոր բացահայտումների: Որովհետեւ հազիվ թե ավելի հոգեցունց բաներ հնարավոր լինի առաջարկել մի Հայաստանում, որտեղ ներքաղաքական առումով կարծես թե հարցեր չկան: Գուցե թեմա լինի այն, թե որ կուսակցությունն ում հետ է դաշինք կազմելու, որ կուսակցությունն է առանձին մասնակցելու խորհրդարանի ընտրություններին: Փաստ է, որ առանց «տեսարանների» չեն անցնելու առաջիկա շաբաթները: Մինչեւ ձեւավորվի այն խորհրդարանը, որը կառաջարկի «հաց»: Անվանենք այս շրջանը «հացի եւ տեսարանների» անցումային ժամանակաշրջան: «Իդեալականն», իհարկե, այն կլինի, որ մինչեւ ընտրությունների մեկնարկը ՀՀԿ խմբակցությունում ոչ մի հանրապետական մնացած չլինի: Այլապես՝ մնալու իմա՞ստը: