23.09.2012 20:17

Տավուշում փորձում են խոչընդոտել լրագրողի աշխատանքը: ԿԸՀ-ն պարզաբանում է

Տավուշում փորձում են խոչընդոտել լրագրողի աշխատանքը: ԿԸՀ-ն պարզաբանում է

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման ծառայությունն ահազանգ է ստացել Տավուշի մարզի 40/1 ընտրատեղամասում (Բագրատաշեն) լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փորձի մասին: iLur.am-ին այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը:

«ՄԻՊ արագ արձագանքման 116 հեռախոսահամարով ահազանգ է ստացվել այն մասին, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կայքի լրագրող Արաքս Մամուլյանին չեն թողնում մուտք գործել ընտրատեղամաս եւ լուսաբանել քվեարկության ընթացքը՝ կասկած հայտնելով լրագրողի վկայականի իսկության մասին: ՄԻՊ արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո Մամուլյանին թույլատրել են մտնել տեղամաս»,-տեղեկացրեց ՄԻՊ գրասենակի մամուլի ծառայության աշխատակիցը:

 iLur.am-ին հաջողվեց կապ հաստատել Արաքս Մամուլյանի հետ եւ մանրամասներ ճշտել տեղամասում կատարվածի մասին: Լրագրողը տեղեկացրեց, որ տեղամասային հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել իրեն տեղամաս մտնել, պատճառաբանելով, թե լրագրողի վկայականի վրա բացակայում է ԿԸՀ կնիքը: «Երբ ես ՄԻՊ գրասենյակից ճշտեցի, որ առանց ԿԸՀ հավատարմագրման էլ լրագրողն իր վկայականով կարող է մուտք գործել տեղամաս եւ լուսաբանել քվեարկության ընթացքը, ինձ թույլ տվեցին ներս մտնել, բայց այդպես էլ հանձնաժողովի գրանցամատյանում իմ մուտքը չգրանցեցին», - պատմեց Մամուլյանը: Փաստորեն, ըստ նրա, հանձնաժողովի նախագահը  խախտում է ԸՕ առնվազն երկու դրույթ՝ խոչընդոտում է լրագրողի աշխատանքը եւ թույլ է տալիս ընտրատեղմասում չգրանցված կողմնակի անձի ներկայությունը:

Ավեի ուշ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը iLur.am-ին հայտնեց, որ տեղյակ է կատարվածի մանրամասներին: Ըստ նրա, իրականում 40/1 հանձնաժողովի նախագահի մոտ կասկած է հարուցել ոչ թե լրագրողի վկայականի վրա ԿԸՀ կնիքի բացակայությունը, այլ հենց վկայականի բովանդակությունը: «Վկայականի վրա գրված է եղել «ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ», տակն էլ՝ ֆակուլտետի կայքի հասցեն: Այսինքն, նշված չի եղել, որ վկայականը ներկայացնող անձը լրագրող է: Խնդիրը դրանում է եղել: Այնուամենայնիվ, մենք որոշեցինք հնարավորություն տալ Մամուլյանին իրականացնել իր աշխատանքը, եւ հրահանգեցինք հանձնաժողովին թույլ տալ նրան մուտք գործել տեղամասի տարածք: Այժմ նա ներսում է, գրանցված է որպես լրագրող», - ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: 

Հիշեցնենք, որ այսօր Տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի 318 համայնքներում: