17.10.2018 15:49

ԶԼՄ. Հաշոգին խոշտանգվել է և գլխատվել սաուդյան գլխավոր հյուպատոսարանում

ԶԼՄ. Հաշոգին խոշտանգվել է և գլխատվել սաուդյան գլխավոր հյուպատոսարանում

Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգին կտտանքների է ենթարկվել և գլխատվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում: Նման պնդմամբ այսօր հանդես է եկել թուրքական կառավարամետ Yeni Safak թերթը՝ հղում անելով այն ձայնագրություններին, որոնք արվել են լրագրողի սպանության ժամանակ:

Թերթը գրում է, որ հյուպատոսարանի ներսում Հաշոգին «դաժան կտտանքների» է ենթարկվել, հարցաքննության ընթացքում կտրել են նրա մատները, ապա գլխատել են:

Նշվում է, որ կան «սպանությանը վերաբերող շատ ձայնագրություններ»: Դրանցից մեկում սաուդյան գլխավոր հյուպատոս Մուհամեդ Իբրահիմ ալ-Ուտեյբին խնդրում է Հաշոգիի հետ հաշիվը մաքրել դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս և «իր գլխին փորձանք չբերել»: Մեկ այլ ձայնագրության մեջ ալ-Ուտեյբին ասում է. «Եթե ուզում ես Սաուդյան Արաբիա ժամանելուց հետո ողջ մնաս, լռիր»:

Պաշտոնապես այս վարկածը դեռ չի հաստատվել կամ հերքվել թուրքական իշխանությունների կողմից:

Փոխանցում է tass.ru-ն: