Վախճանվել է Արա Գյուլերը՝ «Ստամբուլի աչքը»

Երեկ Ստամբուլում մահացել է հանրահայտ լուսանկարիչ, Թուրքիայի լուսանկարչության հիմնադիր Արա Գյուլերը։
Ծնվել եւ մեծացել է հայկական ընտանիքում։
1950 թ.-ից աշխատել է «Նոր Ստամբուլ» թերթում, հետագայում՝ «Հյուրիեթ»-ում: 1958-ից դարձել է ամերիկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, համագործակցել է միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների հետ: 1961-ից տեղափոխվել է «Հայաթ» թերթ` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքերը և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:
1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել բազմաթիվ հեղինակավոր դեմքերից՝ Ուինսթոն Չերչիլ, Մարիա Կալլաս, Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո, Ինդիրա Գանդի, Վիլյամ Սարոյան...
2004-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Աշխարհահռչակ լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկար 2013 թվականի հունիսին ցուցադրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահի «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում:
Արա Գյուլերը 90 տարեկան էր։