18.10.2018 12:52

Զախարովա. ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին

Զախարովա. ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին

ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում  հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա ափսոսանք է հայտնել Հայաստանում իր առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ելույթի կապակցությամբ: Հոկտեմբերի 9-ին դեսպանը ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առևտրի պալատի նիստում:

«Ուզում եմ հավատալ, որ ԱՄՆ կառավարությունն ու դեսպանատունը իրենց ավանդն են ներդրել Հայաստանում փոփոխությունների գործում՝ այն բանի շնորհիվ, որ վերջին տասնամյակների ընթացքում պաշտպանել են հանուն կոռուպցիայի դեմ պայքարի հնչող ձայները, ինչպես նաև կառավարությունում այն մարդկանց ու պաշտոնյաներին, ովքեր ցանկանում էին Հայաստանն ավելի արդար դարձնել»,- իր ելույթում հայտարարել էր դեսպանը:

Զախարովայի կարծիքով՝ սա բացահայտ խոստովանություն է Հայաստանի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: «Այնուհետև դեսպանը փորձել է շտկել ասածը, սակայն խոսքն արդեն հնչել է»,- հայտարարել է Զախարովան: Ըստ նրա՝ շատ խոսուն է նաև դեսպանի հայտարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի նոր աջակցության մասին: Մասնավորապես՝ նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը ավելի քան 14 մլն դոլար է հատկացրել Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, իսկ հաջորդ տարի այդ աջակցությունը կմեծանա մինչև 26 և ավելի մլն դոլար: Դա 20 մլնով ավելի է, քան նախատեսված էր ավելի վաղ: Եվ այդ միջոցները կուղղվեն կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, ինչպես նաև գործարար կապերի և բիզնես-հնարավորությունների ամրապնդմանը հայ և ամերիկացի ձեռներեցների միջև:

Մեկնաբանելով սա՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ դա «ետ մնացողներին» հասցեագրված ևս մի բացահայտ հորդոր է, թե նրանք ինչպես պետք է պահեն իրենց: «Ցավոք՝ ամերիկյան դիվանագետներն այդ կերպ են վարվում ամբողջ աշխարհում»,- ամփոփել է Զախարովան: