18.10.2018 16:24

Լիզա Ճաղարյան. Լա՜վ էլի, մի բան արա՝ հասցրու

Լիզա Ճաղարյան. Լա՜վ էլի, մի բան արա՝ հասցրու

Ասում է՝ պարզապես չեմ հասցնում։

Ռոբերտ Քոչարյանն է ասում։ РИА Новости-ում հրապարակված հերթական «բացառիկ» հարցազրուցում լրագրողի հարցի պատասխանն է սա։ Հարցն էլ սա է՝ ինչու՞ չի ուզում մասնակցել առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին։

Դե, պարզ չի՞, չի՛ հասցնում, ա՛յ լրագրող։ Օրուգիշեր բացառիկ հարցազրույցներ է տալիս ու մեկ էլ զանազան-զարմանազան հայցեր է հղում դատարաններ։ Տուժո՛ղ է, չե՞ք հասկանում։ Երկրի կայունությունը պահպանելու «մտահոգությամբ» ժամանակին Հայաստանի խաղաղ ցուցարարներին բանտերն է լցրել, մի էդպես՝ տասը մարդ էլ էդ պետականափրկիչ «մտահոգության» պատճառով սպանվել են, ու հիմա ապերախտ Հայաստանի քաղաքացիները, որ մինչեւ հիմա չեն հասկանում, թե ինչ բան է պետությունը ու ոնց է պետք պահել էդ պետությունը, սրեր են ճոճում այս մեծն մտահոգվածի դեմ։

Որ ապերախտ ենք, նորություն չի։

Բայց որ ապերախտներիս այս միլիոնավոր բանակի դեմ հանդիման Քոչարյանը Ազգային ժողովի ընտրություններին չի մասնակցում, որովհետեւ «պարզապես չի հասցնում», ա՛յ, սա նորություն է։ Այսինքն թե՝ որ հասցներ, անպայման կմասնակցեր։

Իսկ որ հասցներ, ո՞նց էր մասնակցելու, ոնց որ թե արդեն տարակույս չկա, որ Հայաստանի քաղաքացիներն ապերախտ են, պետությունից ու պետականությունից գաղափար չունեն ու բոլորովին մտահոգված չեն երկրի կայունությամբ, ինչը նշանակում է՝ պարոն Քոչարյանի թիկունքին որեւէ քաղաքական ուժ չկա կանգնած։

Դե հա՛, ինքը չի մոռացել, որ անկուսակցական է, ու պետք է զրոյից կուսակցություն ստեղծել. «Ընդ որում, կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով»։ Ուզում է ասել՝ թիմ ունի, բայց արդեն ճենճոտած է, թարմ, յուղը վրան թիմ է պետք։ Հետն էլ պարզաբանում է. «Սովորաբար, ինչպիսին են առաջին քայլերը, երբ ցանկանում ես ստեղծել թիմ: Ուշադրությունը սեւեռում ես այն մարդկանց ուղղությամբ, որոնց ճանաչում ես, շփվել եւ աշխատել ես»։

Էստեղ են ասել՝ գեղիցը մարդ չկա...

Ի՞նչ պարզեցինք։ Պարզեցինք, որ Քոչարյանը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին, որովհետեւ ժամանակ չունի։ Նաեւ պարզեցինք, որ հենց ժամանակ գտնի՝ թարմ-թարմ կուսակցություն է ստեղծելու, որի անդամները լինելու են իր հին-հին «հընգերները», ու մեկ է, անշուշտ, «հիմնվել պետք է նոր սերնդի մարդկանց վրա, բայց դա հեշտ չէ անել, ժամանակ է պահանջվում»։ Իրոք՝ համեստ է, ինչ ուզում եք ասեք։ Չի ուզում ասել, թե Բաղրամյան 26-ի դիմաց ինչ հզոր պաստառներ... Ինչ եմ ասում։ Ինչ հզոր «նոր սերունդ» էր թաքնվել պաստառների հետեւում՝ ի պաշտպանություն Քոչարյանի «բարի» համբավի։

Սա դեռ ամենը չէ։ Պարզվում է նաեւ, որ «այս պահի դրությամբ» Քոչարյանը ո՛չ միայն Ազգային ժողովի վրա աչք չունի, այլեւ «բարձր պաշտոն» էլ չի ուզում։ Չէ՛, չի ուզում, ա՛յ ժողովուրդ, մի ստիպեք, էլի՛,  վաաայ։ Չի՛ ուզում։ Եթե ուզենար, «տասը տարի չէր ապրի իր անձնական կյանքով» (Քոչարյանը համեստություն է արել, ես հավելեմ՝ չարքա՛շ կյանքով)։ Ի վերջո, հո գաղտնիք չի՞, տասը տարի Հայաստանի հասարակությունը փողոցներից տուն չէր գնում, ցույցեր էր անում, պահանջում ու խնդրում էր, որ մտահոգված Քոչարյանը հետ գա, բայց ինքը՝ չէ՛ որ չէ՛, ապրում էր «իր անձնական կյանքով»։ Հայաստանի վիշտը սրտում դեգերում էր աշխարհով մեկ (ցուպը ձեռքին), մեկուսանում էր զանազան կղզիներում, վշտից հերսոտած՝ աֆրիկաներում որս էր անում ու հեծնում սպանված առյուծին, այսինքն թե՝ ա՛յ էսպես հեծնելու եմ Հայաստանի բոլոր ներքին թշնամիներին, իմացեք, հաաա։

Չձանձրացնեմ, «մոքորի փորը լավ չի»։