19.10.2018 11:35

Նավալնին ընդունել է Ռոսգվարդիայի ղեկավար Զոլոտովի մարտահրավերը

Նավալնին ընդունել է Ռոսգվարդիայի ղեկավար Զոլոտովի մարտահրավերը

Ալեքսեյ Նավալնին պատասխան տեսաուղերձ է հղել Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին, որը նրան մենամարտի էր հրավիրել: Ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտարարել է, որ ընդունում է մարտահրավերը, և Զոլոտովին առաջարկել է հանդիպել դաշնային հեռուստատեսության  ուղիղ եթերում հեռուստաբանավեճի ձևաչափով:

Ի պատասխան՝ Զոլոտովի խորհրդականը քաղաքական գործչին մեղադրել է «դիակների վրա փիառ անելու» մեջ:

«Մենամարտի տեսակը և զենքն ընտրում է նա, ում մարտահրավեր են նետել: Ես ընդունում եմ ձեր մարտահրավերը և, ինչպես հարկն է, ընտրում եմ տեղը և զենքը: Մեր մենամարտը կկայանա Առաջին ալիքի եթերում հեռուստաբանավեճի ձևաչափով: Կամ՝ երկրորդ ալիքի: Կամ՝ ցանկացած այլ դաշնային հեռուստաալիքի: Իսկ եթե նրանք ինչ-որ պատճառով հրաժարվեն, ապա՝ YouTube-ի ալիքով»,- ասել է Նավալնին:

Ռոսգվարդիայի ղեկավարը մեկ շաբաթ ժամանակ ունի՝ մտածելու համար, հավելել է Նավալնին: Իր պատասխանում նա նաև թվարկել է այն անշարժ գույքը, որ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տվյալներով, պատկանում է Զոլոտովին և նրա մերձավոր ազգականներին, և նրան մեղադրել է ապօրինի հարստացման մեջ: «Ես, միևնույն է, ձեր մասին կարծիքս չեմ փոխի: Ես կարծում եմ, որ դուք գող եք: Ես կարծում եմ, որ դուք գողանում եք թե՛ պետությունից, թե՛ ժողովրդից և թե՛ կոնկրետ՝ Ռոսգվարդիայի ձեր գործընկերներից»,- հայտարարել է Նավալնին:

Փոխանցում է BBC-ն: