19.10.2018 12:12

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նախարարները չեն մասնակցի Էր-Ռիադի գագաթնաժողովին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նախարարները չեն մասնակցի Էր-Ռիադի գագաթնաժողովին

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը և Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարար Լիամ Ֆոքսը հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայում ներդրողների միջազգային համաժողովին՝ լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հարցում այդ երկրի կատարած առայժմ անհասկանալի դերակատարման պատճառով:

Հոկտեմբերի 2-ին սաուդյան իշխանությունների ու անձամբ թագաժառանգի ակտիվ քննադատ Հաշոգին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն և անհետացել: Թուրքիայի ոստիկանությունը պնդում է, որ նրան սպանել են: Ուրբաթ օրը երկրի անանուն պաշտոնական ներկայացուցիչներ հայտարարել են, որ Հաշոգիի դին, հնարավոր է, տարել են անտառ կամ որևէ ֆերմերային ագարակ: Դրանից հետո ոստիկանությունն զգալիորեն ընդլայնել է որոնումների շառավիղը:

Սաուդյան իշխանությունները հերքում են իրենց առնչությունը լրագրողի անհետացմանը և խոստանում են բազմակողմանի հետաքննություն անցկացնել:

Ժամանակին Ջամալ Հաշոգին եղել է սաուդյան արքայական ընտանիքի խորհրդականը, սակայն հետո շնորհազրկվել է ու ստիպված է եղել հեռանալ ԱՄՆ, որտեղ աշխատակցել է Washington Post-ին:

Փոխանցում է BBC-ն: