19.10.2018 12:47

Կերչում հրաժեշտ են տալիս քոլեջի վրա հարձակման զոհերին

Կերչում հրաժեշտ են տալիս քոլեջի վրա հարձակման զոհերին

Կերչում սկսվել է  հրաժեշտի արարողությունը պոլիտեխնիկական քոլեջի վրա հարձակման հետևանքով զոհվածներին:

Քոլեջում տեղի ունեցած պայթյունի և ապա դրան հետևած կրակահերթերի արդյունքում, ըստ վերջին տվյալների,  զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 16 ուսանող և հինգ դասախոս, 50-ից ավելին վիրավորվել են: ԱԻ օպերատիվ շտաբի ներկայացուցչի խոսքով՝ հիվանդանոցներում այս պահին կա 43 տուժած:

Հետաքննության տվյալներով՝ Կերչի քոլեջում  արյունալի կոտորած կազմակերպած, նույն քոլեջի չորրորդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը սեպտեմբերի 8-ին զենք կրելու պաշտոնական թույլտվություն է ստացել, իսկ հոկտեմբերի 12-ին որսորդական խանութից գնել է 150 փամփուշտ:

Հետաքննությունը նաև փորձում է պարզել, թե որտեղ է 18-ամյա պատանին սովորել կրակել: Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ստուգվում է Ռոսլյակովի տեղաշարժը: «Վերջին տարում նա երկու անգամ հանգստյան օրերին մեկնել է Խարկով: Ընդ որում՝ նա այնտեղ ազգականներ չունի»:

Դեպքի առիթով սկզբում քրեական գործ է հարուցվել «ահաբեկչական գործողություն» հոդվածով, սակայն հետո վերաորակվել է «սպանության»:

Ի դեպ, ուկրաինական իշխանությունները գործը հարուցել են հենց ահաբեկչության հոդվածով: Կերչը գտնվում է 2014 թ. Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմի տարածքում: Ուկրաինան այդ տարածքն իրենն է համարում:

Փոխանցում է iz.ru-ն: