19.10.2018 13:35

«Բազեի» թռիչքը. Բոլթոնի շրջայցը Հարավային Կովկաս

«Բազեի» թռիչքը.  Բոլթոնի շրջայցը Հարավային Կովկաս

Շաբաթ օրը կմեկնարկի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի շրջայցը Հարավային Կովկաս: Սպիտակ տան գլխավոր «բազեն» չի թաքցնում. նա այցելում է տարածաշրջան՝ ամերիկյան շահերը առաջ մղելու համար:

Առաջին հերթին, սակայն, Բոլթոնը կայցելի Մոսկվա՝ Իրանի և Սիրիայի իրադրությունը քննարկելու նպատակով: Առանձին կետով նշվում է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հերթական հանդիպման նախապատրաստումը:

Այնուհետև Բոլթոնը կուղևորվի Ադրբեջան: Այնտեղ նրան սպասում են հոկտեմբերի 24-ին: Բացի տարածաշրջանային անվտանգության հարցերից՝ ադրբեջանական իշխանությունների հետ բանակցություններում նա կքննարկի ԱՄՆ դաշնակիցներին էներգապաշարների մատակարարման հարցը: Հիմնականում խոսքը Եվրոպայի մասին է, որտեղ ադրբեջանական գազը դիտարկում են որպես ռուսականի այլընտրանք:

Վաշինգտոնը մտահոգված է հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների ֆոնին Լեռնային Ղարաբաղում իրադրության սրացման հնարավորությունից, և Բոլթոնը դա կքննարկի Երևանում:

Վրաստանը Բոլթոնի շրջայցի վերջին կետը կլինի, օրակարգը՝ նույնը՝ անվտանգություն, էներգետիկա և տնտեսություն: Թբիլիսիում Թրամփի խորհրդականը մտադիր է քննարկել և ստորագրության պատրաստել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի պայմանագիրը:

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններում ամերիկացի խորհրդականը կբարձրացնի նույն թեման, ինչ Ռուսաստանում՝ իրադրությունը Մերձավոր Արևելքում: Նա ցանկանում է գնահատել Կովկասի «աշխարհագրական դերի» նշանակությունը Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համար:

Փոխանցում է ria.ru-ն: