19.10.2018 14:19

ՀՀԿ-ն քննարկում է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը. Արմենպրես

ՀՀԿ-ն քննարկում է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը. Արմենպրես

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է, թե երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը, եւ որտեղ քննարկվել են կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։

Ըստ մամուլի, ՀՀԿ-ն երեկվա նիստում որոշում է կայացրել նաեւ մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, ցուցակն էլ, ըստ այդմ, պետք է գլխավորի նախկին ՊՆախարար Վիգեն Սարգսյանը:

Այսօր, սակայն, Աշոտյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունեն:

«Եթե լիներ նման որոշում, ապա ես ինքս դա կհրապարակեի: Կուսակցությունում քննարկում ենք, վերլուծում ենք, հետազոտություններ ենք անում, ուսումնասիրում ենք իրավիճակը, ծանր ու թեթև ենք անում: Ես ու բազմաթիվ այլ ընկերներ կողմնակից ենք մասնակցության, նաև  ռազմավարության նախագիծ ենք առաջարկում, որոշ մեր գործընկերներ այդ տեսակետը չեն կիսում: Մենք շտապելու կարիք չունենք, որովհետև արտահերթ ընտրություններն անգամ դեռ նշանակված չեն»,ճ ասել է Աշոտյանը: