19.10.2018 14:52

Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց աշխատանքը, ի նշան բողոքի՝ աշխատողները փակել են Վրաստան տանող մայրուղին

Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց աշխատանքը, ի նշան բողոքի՝ աշխատողները փակել են Վրաստան տանող մայրուղին
Լուսանկարը՝ Aravot.am կայքից

Ալավերդու մոտ 600 աշխատող ունեցող պղնձաձուլական գործարանն այսօր դադարեցրել է  աշխատանքը «Ազատության» փոխանցմամբ, Թեղուտի հանքավայրը խոշոր պարտքի դիմաց ՎՏԲ բանկին անցնելուց հետո «Վալլեքս» խմբի փոխնախագահ Սահակ Կարապետյանը չէր բացառել, որ առաջիկայում հնարավոր է կորցնեն նաև բանկում գրավադրված Ալավերդու գործարանը։

Մեկ շաբաթ առաջ ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնած գործարանում տեղի էր ունեցել հանրային քննարկում, որտեղ գործարանը շահագործող Էյ-Սի-Փի ընկերությունը վերջնագիր էր փոխանցել կառավարությանը՝ նշելով, որ իրենց երեք պահանջները չբավարարելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը։

Բնապահպանական խախտումների համար մեկ ամիս առաջ 387 միլիոն դրամով տուգանված ընկերությունը կառավարությունից պահանջել էր չեղարկել տուգանքն ու 6-7 անգամ բարձրացնել արտանետումների սահմանային թույլատրելի նորմերը։

Այս շաբաթ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը բանակցել են։ Փաստորեն արդյունք չտված բանակցությունների մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա։

Այսօր գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում են ստացել աշխատանքից ազատվելու մասին, որից հետո փակել են դեպի Վրաստան տանող մայրուղին՝ ի նշան բողոքի։