20.10.2018 12:00

Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն Դուգլասի մրցաշարին

Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն Դուգլասի մրցաշարին

Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը Հայաստանը կներկայացնեն Մեն կղզու մայրաքաղաք Դուգլասում վաղը մեկնարկելիք շախմատի «Isle of Man Internationale» մրցաշարում, որը բավական ուժեղ կազմ է հավաքել:

Լևոն Արոնյանը Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Անիշ Գիրիի հետ ՖԻԴԵ-ի անհատական վարկանիշով (2780) գլխավորում է մրցաշարի 167 մասնակիցների ցանկը, որոնցից 92-ը գրոսմայստերներ են: Նրանց հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը (2779), Ուեսլի Սոն (2776), Վիշվանաթան Անանդը (2771), Ալեքսանդր Գրիշչուկը (2769), Հիկարու Նակամուրան (2763) և Սերգեյ Կարյակինը (2760): Հրանտ Մելքումյանը 2660 վարկանիշով 28-րդ տեղում է:

Մրցաշարի մասնակիցների թվում են ևս երկու հայ շախմատիստներ: Ամերիկահայ Սամուել Սևյանը 2634 վարկանիշով 34-րդ տեղում է, իսկ բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 2546 վարկանիշով զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 50 հազար ֆունտ ստեռլինգով,  2-րդ մրցանակակիրը կստանա 25 հազար, 3-րդը՝ 12,5 հազար ֆունտ ստեռլինգ: Ընդհանուր առմամբ դրամական մրցանակների կարժանանան լավագույն արդյունքի հասած 11 շախմատիստներ:

Մրցանակներ են սահմանված նաև կանանց մեջ լավագույն արդյունքի հասած 7 շախմատիստուհիների համար: Լավագույնին կտրվի 7000 ֆունտ ստեռլինգ, 2-րդ արդյունքը ցույց տված մասնակիցը կպարգևատրվի 3500 ֆունտ ստեռլինգով, 3-րդը՝ 1750 ֆունտ ստեռլինգով: