22.10.2018 12:14

Էր-Ռիադ. Հաշոգիի սպանությունը լուրջ սխալ էր

Էր-Ռիադ. Հաշոգիի սպանությունը լուրջ սխալ էր

Արևմուտքի առաջատար երկրների կոշտ արձագանքից հետո Սաուդյան Արաբիան խոստովանել է, որ Ջամալ Հաշոգիի սպանությունը Ստամբուլում իր երկրի հյուպատոսարանում մեծագույն ու լուրջ սխալ էր:

Միևնույն ժամանակ, այդ երկրի իշխանությունները, որ մինչ այդ հակասական բացատրություններ էին տալիս կատարվածի վերաբերյալ, ջանում են մեղադրանքներից զերծ պահել թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին ու նախկինի պես պնդում են, որ նա տեղյակ չի եղել:

Կիրակի օրը ամերիկյան Fox հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ ալ-Ջուբեյրը ցավակցություն է հայտնել Հաշոգիի ընտանիքի անդամներին ու մտերիմներին: «Դա սոսկալի սխալ էր: Դա սոսկալի ողբերգություն է: Մենք ցավակցում ենք նրանց: Ցավոք՝ մեծագույն ու լուրջ սխալ է տեղի ունեցել, և ես հավաստիացնում եմ, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է նախարարը:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դատապարտել են ընդդիմադիր լրագրողի սպանությունը և Սաուդյան Արաբիայից հավաստի բացատրություն են պահանջել նրա մահվան հանգամանքների վերաբերյալ:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կիրակի հայտարարել է, որ Գերմանիան կասեցնում է զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել է, որ իրեն չեն բավարարում սաուդյան իշխանությունների բացատրությունները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը երդվել է բացահայտել ճշմարտությունը լրագրողի մահվան հանգամանքների վերաբերյալ: Նա հայտարարել է, որ այդ հարցով խարհրդարանում հայտարարություն կանի երեքշաբթի:

Փոխանցում է BBC-ն: