22.10.2018 14:06

Վրաստանի նախագահի թեկնածուն ձերբակալվել է «Կանեփի օրինականացման փառատոնում»

Վրաստանի նախագահի թեկնածուն ձերբակալվել է «Կանեփի օրինականացման փառատոնում»

Այսպես կոչված՝ «Կանեփի օրինականացման փառատոնը», որը Թբիլիսիի կենտրոնական զբոսայգիներից մեկում կազմակերպել է «Գիրչի» («Կոն») քաղաքական միավորումը, ավարտվել է մի քանի հոգու ձերբակալությամբ: Նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն նույնպես տարվել է ոստիկանության բաժին, ընդ որում, ոստիկանության վարկածով՝ սեփական ցանկությամբ:

Զբոսայգին, որտեղ տեղի է ունեցել փառատոնը, շրջապատվել է ոստիկանության ուժերի կողմից:

Ջափարիձեին իրավապահ մարմինները բաժին են տարել այն բանից հետո, երբ նա ցուցադրաբար և ծափահարությունների ուղեկցությամբ ակցիայի մասնակիցներին է բաժանել մարիխուանայի ինքնաշեն գլանակներ:

Ջափարիձեն, որն աչքի է ընկնում բավական արտառոց ակցիաներով, դա անվանել է «քաղաքացիական անհնազանդության ակտ»: Նրա խոսքով՝ Վրաստանում կանեփ ձեռք բերելու օրինական ճանապարհ պետք է լինի:

Այս տարվա հուլիսին Վրաստանի սահմանադրական դատարանը չեղարկեց մարիխուանա գործածելու համար վարչական տուգանքները: Սակայն դատարանի որոշումը վերաբերում էր միայն գործածման օրինականացմանը, մինչդեռ մարիխուանա պահելը, առավել ևս՝ այն տարածելը, նախկինի պես պատժելի արարք է Վրաստանում:

Փոխանցում է BBC-ն: