22.10.2018 16:20

Իռլանդիայի ԱԳՆ. Դուբլինը Brexit-ն ընդունելու պայման է դնում

Իռլանդիայի ԱԳՆ. Դուբլինը  Brexit-ն ընդունելու պայման է դնում

Դուբլինը չի համաձայնի Brexit-ին՝ առանց այնպիսի մեխանիզմի, որը կնախատեսի Հյուսիսային Իռլանդիայի տարածքում ընդհանուր շուկայի և ԵՄ մաքսային միության կանոնների պահպանումը: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի և առևտրի նախարար Սայմոն Կոուվենին:

«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին որևէ համաձայնագիր չի լինի՝ առանց սահմանափակող մեխանիզմի, և վերջ»,- արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքն է մեջբերում The Irish Times թերթը: Պարբերականը նշում է, որ Իռլանդիայի կառավարությունը նաև համաձայն չէ Բրիտանիայի Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբի այն հայտարարությանը, թե ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո անցումային շրջանի երկարացումը կարող է լուծել իռլանդական սահմանի վրա հատուկ մաքսային ռեժիմի սահմանման խնդիրը:

Այս պահի դրությամբ բանակցությունների գլխավոր խնդիրը շարունակում է լինել ԵՄ-ի կազմում մնացող Իռլանդիայի և ԵՄ-ից Միացյալ Թագավորության կազմում դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի վերահսկողության ռեժիմը: Երկու կողմն էլ ցանկանում է պահպանել այդ սահմանի թափանցիկությունը մարդկանց, ապրանքների և ծառայությունների համար, սակայն դա ինչպես անել՝ առանց խախտելու եվրոպական մաքսային միության ու, միևնույն ժամանակ, ԵՄ ազատ շուկայի ամբողջականությունը, որոնք Մեծ Բրիտանիան լքում է, առայժմ կողմերը չեն որոշել:

Փոխանցում է ria.ru-ն: