22.10.2018 18:29

Փաշինյան. Եթե անգամ արտահերթ ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով, դա որեւէ բան չի փոխելու, վերադարձ անցյալին չի լինելու

Փաշինյան. Եթե անգամ արտահերթ ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով, դա որեւէ բան չի փոխելու, վերադարձ անցյալին չի լինելու

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քվեարկության տապալմանը ԱԺ-ում:

Նշելով, որ փոփոխություններով նպատակ կար ԸՕ-ն առավել պարզ ու ժողովրդավարական դարձնելու, Փաշինյանը հավելեց, որ ԱԺ-ն փաստորեն տապալեց այդ փոփոխությունները:

«Այս քվեարկությամբ ԱԺ-ն եւս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անխուսափելի են եւ առանց ԱԺ արտահերթ ընտրությունների մենք ուղղակի չենք կարողանա որեւէ քայլ անել, որովհետեւ, ըստ էության, այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դրությունը: ԱԺ մեծամասնությունը եւ նրա կողմնակիցները ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն վարելու համար, եւ վերջին 20 օրվա ընթացքում դա մի քանի անգամ արդեն ակնհայտ երեւաց:

Նրանք հույս ունեն, որ այս ճանապարհով ԱԺ արտահերթ ընտրությունները կկարողանան վերածել ռեւանշի գործիքի, բայց եթե անգամ արտահերթ ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով, միեւնույն է՝ դա որեւէ բան չի փոխելու, որովհետեւ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, որեւէ մեկը չի կարող նրա ձեռքից վերցնել այդ հաղթանակը: Վերադարձ անցյալին չկա եւ չի լինելու:  

ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում պատաստվել արտահերթ ընտրությունների, իշխանափոխությունը հասցնել իր վերջնական հանգրվանին՝ ինչ օրենսգրքով էլ անցնեն այդ ընտրությունները, ժողովրդի հաղթանակը անխուսափելի է, ռեւանշ չի լինելու»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց նաեւ, որ այս քվեարկությունը ցույց տվեց, որ իր կառավարությունը, ձեւավորման առաջին իսկ օրվանից, աշխատում է սաբոտաժի մթնոլորտում: