23.10.2018 12:11

Լեոնարդո դա Վինչին շլություն է ունեցել

Լեոնարդո դա Վինչին շլություն է ունեցել

«Ջոկոնդայի» և «Խորհրդավոր ընթրիքի» հեղինակը տառապել է շլության մի տեսակով, որի դեպքում մի աչքը մի քիչ դուրս է պրծած: Այսպիսի եզրակացության է հանգել բրիտանացի նյարդակենսաբան Քրիստոֆեր Թայլերը՝ հետազոտելով Լեոնարդոյի վեց դիմանկարներ, այդ թվում՝ Վերածննդի վարպետի ինքնադիմանկարները:

Գիտնականի կարծիքով՝ հենց դա է նկարչին հնարավորություն տվել ստույգ պատկերել շրջապատող աշխարհը, քանի որ այդ հիվանդությամբ տառապող մարդիկ դժվարություններ են ունենում ծավալադիտական (ստերեոսկոպիկ) ընկալման առումով և շատ ավելի նրբորեն են զգում տարբերությունները հարթ և ծավալային պատկերների միջև:

Ըստ ամենայնի՝ Լեոնարդոյի շլությունն այնքան էլ ուժեղ չի եղել, սակայն նրանից լրացուցիչ ջանքեր են պահանջվել՝ մեզ համար սովորական ծավալային աշխարհը տեսնելու համար: Լարելով աչքերի նյարդերը՝ դա Վինչին կարող էր «անցում կատարել» երկչափ և եռաչափ ընկալումների միջև:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան բժշկական ընկեության JAMA ամսագրում:

Փոխանցում է BBC-ն: