23.10.2018 12:56

Պուտինը ստորագրել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցների հրամանագիրը

Պուտինը ստորագրել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցների հրամանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը «հատուկ տնտեսական միջոցառումներ» է նախատեսում Ուկրաինայի նկատմամբ:

Կրեմլի կայքում հրապարակված փաստաթղթում ասվում է, որ նման որոշում է կայացվել «ի պատասխան Ուկրաինայի ոչ բարեկամական և միջազգային իրավունքին հակասող գործողությունների՝ կապված  Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելու հետ»:

Ինչպես երևում է հրամանագրի տեքստից, Ուկրաինայի դեմ կիրառվելիք միջոցները դեռ որոշակիացված չեն: Դրանք մշակվելու են կառավարությունում: Կառավարությունը նաև պետք է կազմի այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ այդ միջոցները կիրառվելու են:

Հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 22-ից և, ինչպես նշվում է փաստաթղթում, այն կչեղարկվի, եթե Կիևը հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ սահմանափակող միջոցներից:

Փոխանցում է BBC-ն: