23.10.2018 17:02

Արսեն Գրիգորյան. Խուճապի էֆեկտը

Արսեն Գրիգորյան. Խուճապի էֆեկտը

ՀՀԿ-ն Հայաստանի նյարդերի քննություն է հանձնում: Ի դեպ, ճիշտ ժամանակ է ընտրել:

Երեկ՝ Ընտրական օրենսգիրքը, այսօր՝ Վահե Գրիգորյանի ՍԴ դատավոր դառնալու քվեարկությունը: Կուսակցություն, որը աղետից ուզում է դառնալ «Փարավոնի անեծք»: Կամ Լյուդովիկոս 14-րդի քմահաճույք՝ ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ: Այսօր էլ վարչապետի պաշտոնում «Ելքն» առաջադրել է Նիկոլ Փաշինյանին: Դե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը վարչապետ այլեւս չի դառնա այս խորհրդարանով, եթե նույնիսկ ՀՀԿ-ն ընտրի: 40 քվեն վարչապետ չի ծնի:

Փոքրամասնություն դարձած կուսակցությունը բառի բուն իմաստով, սակայն, պաշարել է Հայաստանը: Ոչ մի նախաձեռնություն չի լինում անցկացնել առանց այս ուժին շրջանցելու: Ո՞վ է այս մարդկանց կերակրում իշխանության վերադարձով: Նրանք խուճապի մեջ են: Եվ այդ խուճապը միայն մի բանի մասին է՝ ամբողջ կուսակցությունը եւ նրա խորհրդարանական անդամներն առանձին վերցրած գիտեն՝ այլեւս երբեք իշխանության չեն վերադառնա: Նրանք սա գիտեն: Նրանք բոլոր մանրամասներով գիտեն, թե ինչպես են հաշմել Հայաստանը: Նրանք շարունակում են գողանալ Հայաստանի ամեն օրը արդեն ոչ միայն գիտակցաբար, այլեւ նույնիսկ բնազդով:

Հաստատապես այդ կուսակցության խմբակցության մի քանի անդամներ կարգին չգիտեն էլ, թե ինչ են անում: Հրահանգ են կատարում: Ամբողջ ուժով հիշեցնում են իրենց մասին: Ինչու՞: Ինչու՞ արդեն այսօր չեն հավաքում այն քվեն, որը նրանց պետք կգա խորհրդարանական ընտրություններին: Որովհետեւ իրենց այդ քվեն պետք չէ, իրենց անհաջողություններ են պետք, որպեսզի ժողովրդի համբերության բաժակը լցվի, իրենց պետք է համապետական անկանոնություն: Որպեսզի տասնյակ հարյուրավոր, գուցե հազարավոր քրեական գործերի հերթը չհասնի:

Ընտրություններն, իհարկե, տեղի կունենան: Այդտեղ ՀՀԿ-ն ոչինչ չի կարողանա անել: Բայց գուցե նրանք այս ամբողջ հարամությունից ստանան մի ԱԺ-ի պատկեր, որտեղ «շունը տիրոջը չի ճանաչի»: Իրենք գիտեն, որ Հայաստանի համար այլեւս քաղաքական խաղաքարտ չեն, բայց ուզում են ստանալ մի իրավիճակ, որում դրության տեր կլինեն նույնիսկ իբրեւ մեռել:

Ընդ որում, այս կուսակցությունը կարծես թե հաշվել է նաեւ հեղափոխական իշխանության ատամները: Ինքը պարզ տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որեւէ մեկի վրա ճնշում չի գործադրում, որպեսզի ինքը գնա ու քվեարկի ԸՕ-ի կամ Վահե Գրիգորյանի օգտին: Արա Բաբլոյանը խորհրդարանում նոր իշխանության 69 կողմնակից կամ ոչ հակառակորդ է հաշվել: Այսօր 53 հոգի էր մասնակցում Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դառնալու քվեարկությանը: 20-ը դեմ քվեարկեցին: 52-ի, կամ համենայնդեպս նրանց մեծ մասի բացակայությունը պատահականություն չէր: Մեծ հաշվով, ստացվում է, որ Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ էր 72 հոգի: Ահա թե ինչպիսի խորհրդարանից պետք է ազատվի նոր իշխանությունը: Եզակի մի կառույցից, որի խուճապի մեջ ճշգրիտ են միայն կործանիչ քայլերը: Այնքան ճշգրիտ, կարծես աշխարհի արարման օրից են մշակվել: