24.10.2018 13:09

Այս պետության գլխին այլեւս ոչ ոք վարսավիրություն չի սովորելու

Այս պետության գլխին այլեւս ոչ ոք վարսավիրություն չի սովորելու

Արդեն հայտնի է, որ Աժ պատգամավորների ստորագրությամբ հոկտեմբերի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրվելու` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը նորից քննարկելու եւ քվեարկելու համար:

Սա լավ է, հատկապես՝ որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները նախաձեռնություն են ցուցաբերել՝ հաշվի առնելով նույն հարցով նախորդ քվեարկության ժամանակ նաեւ այդ խմբակցության պատգամավորների բացակայությունը: Իհարկե, ուշագրավ ու ինչ-որ չափով արտառոց էր նաեւ ՀՀԿ-ական այն պատգամավորների բացակայությունը, որոնք նախապես հայտարարել էին, թե չեն կիսում սեփական խմբակցության քաղաքական գիծը կամ դուրս են գալիս խմբակցությունից, եւ կողմ են դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն, ու որ այլ ուժեր այս ընթացքում թեկնածու չառաջադրեն: Ահա այս պատգամավորներն առաջինը պետք է ներկա լինեին նախորդ քվեարկությանը, քանզի, ինչպես իրենք էին պնդում, իրենց համար, ըստ էության, կարեւորն այն է, թե ինչ է ցանկանում ժողովուրդը, եւ իրենք էլ, որպես ժողովրդի ծոցից դուրս եկածներ, պարտավոր են կյանքի կոչել ժողովրդի կամքը:

Թե ինչու է ՀՀԿ-ն ամեն կերպ փորձ արել տապալել նոր ԸՕ-ի քվեարկությունն ու անցկացումը, պարզ էր: Անկեղծ լինենք` ՀՀԿ-ին նոր ԸՕ-ն ձեռ չի տալիս: Որովհետեւ եթե նորով իրենք 4 տոկոս հավաքելու հնարավորություն ունեն, եթե, իհարկե, հաղթահարեն անցողիկ շեմը, ապա հնով, ըստ իրենց, ուժի մեջ թողնելով ռեյտինգային համակարգը, գոնե մարզերում մոբիլիզացվելով՝ 4+ տոկոսի շանս կունենան: Սա նրանց ակնհայտ պարզագույն հաշվարկն է:

Բայց սրան զուգահեռ՝ ՀՀԿ-ականները, որպես սոուս, մեկ այլ ավելի մանրախնդիր քայլ են արել. այն, ինչի մասին նախկինում բազմիցս հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, եւ այն, ինչի մասին երեկ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. ՀՀԿ-ն այսօր, փաստացի,  այլեւս մեծամասնություն չէ: Համենայնդեպս, այդպիսին է թվային տրամաբանությունը, եթե նրանց շարքերից հանենք բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել խմբակցությունից, կամ այնտեղ մնալով` իրենց աջակցությունն են հայտնել ներկայիս իշխանություններին:

Եւ ահա, եթե նրանք բոլորը ներկա լինեին քվեարկությանը` ԲՀԿ+ՀՅԴ ներկայությամբ, օրենսգիրքը կարող էր ընդունվել: Բայց չընդունվեց, ինչը ՀՀԿ-ականներն օգտագործեցին մանր կծոցների ու խայթոցների առիթ դարձնելու համար` «բա մենք արդեն մեծամասնություն չենք, բա ասում եք` արդեն ձեր կողմնակիցներն են, է թող գային, քվեարկեին, մենք ի՞նչ կապ ունենք, մենք սկզբունքորեն դեմ ենք եղել ու դեմ էլ կլինենք»:

Այո, ՀՀԿ-ն առիթը բաց չթողեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ասելու, թե՝ քո հենարանն ամուր չէ, խախուտ է, քանզի, ինչպես իրենց առաջնորդն էր ժամանակին ասում՝ Արթուր Բաղդասարյանին հիշատակելով` «մենք մեր հաճախորդներին լավ ենք ճանաչում», իրենք էլ իրենց հերթին էին ուզում ասել, թե իրենք ե՛ւ իրենց, ե՛ւ իրենց նախկին գործընկերներին են լավ ճանաչում՝ մինչեւ չստիպես կամ չշահագրգռես՝ չեն գնա խորհրդարան եւ չեն քվեարկի:  

Իհարկե, Փաշինյանի քաղաքական ուժի համար, մեծ հաշվով, շատ էական չէ, թե որ ԸՕ-ով իրենք կգնան ընտրությունների. ամեն դեպքում՝ մեծամասնությունն իրենցը կլինի: ՀՀԿ-ի համար էական է, որովհետեւ մի պարագայում լինել-չլինելու երկընտրանքի առջեւ են կանգնած, մյուս դեպքում` թեկուզ՝ կաղ ու լալ, բայց գոնե՝ լինելու: Իսկ ի՞նչ են տալիս ՀՀԿ-ին այս խայթոցներն ու հիշատակումները, բացի նրանից, որ Փաշինյանին երեսով են տալիս, թե կարող էիր քեզ հավատարմության երդում տվածներին ավելի ուժեղ ձեռքով մոբիլիզացնել եւ չթողնել գործընթացն ինքնահոսի: ՀՀԿ-ին, մեծ հաշվով, ոչինչ էլ չի տալիս: Այդ դեպքում՝ ո՞վ է տուժում այս ամենի արդյունքում:

Պետությունը:

Քաղաքական կաղ բադիկները, խեղդվելու եւ փրկօղակ գտնելու կյանքի ու մահի կռվի մեջ, կորցրել են չափ ու սահմանի բոլոր զգացողությունները եւ ձեռքերը տանում են ինչին պատահի, միայն թե` իրենք ջրի երեսին մնան: Ու այդ ընթացքում ամենեւին էլ չեն գիտակցում, որ տեմպի տակ փորձում են իրենց հետ ջրի տակ տանել նաեւ պետականության ատրիբուտները: Թեեւ, եթե մինչեւ վերջ ակեղծ լինենք, միջազգային կառույցների մոտ այսօր կոկորդիլոսի արցունքներ թափող որոշ ՀՀԿ-ականներ ու նրանց կցված լրագրողական-քաղաքագիտական շրջանակներ (մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն ու նրա արբանյակներն էլ՝ վրադիր) այդ ամենն անում են ամենասթափ գիտակցությամբ: Պարզապես` այդ մարդիկ ի սկզբանե սխալ են ընկալել իշխանությունն ու պետությունը,  ընդդիմությունն ու հանցագործությունը. եւ երկու դեպքերում էլ նրանք այդ բառերը հոմանիշներ են կարծել: Եւ հենց դա է պատճառը, որ երբ իշխանություն էին` իրենց անձին ուղղված քննադատությունը որակում էին որպես պետության դեմ քննադատություն եւ հանցանք, եւ այսօր` երբ ընդդիմություն են հռչակվել, ընդդիմադիր լինելը նույնականացնում են պետությանը վնասներ հասցնելու հետ:

Բայց այդ մասին, ինչպես դասականն էր ասում՝ հաջորդ դասին:

Ինչ էլ լինի, նրանք չեն հաջողելու: Շատ պարզ մի պատճառով. նրանք սխալ են ընկալում հանրային տրամադրությունները: Ընդ որում՝ ոչ թե անձերի հետ կապված, այլ` քաղաքացիական գիտակցության առումով: Պետականության գիտակցությունը քաղաքացիական հասունության ամենաբարձր աստիճանն է, եւ այսօր մեր հանրության մեծ, գերակշիռ մասն այդ գիտակցությունն ունի: Իսկ նրանք դեռ ապրում են հին հովերով, որտեղ տիրում էր պաթոսը եւ կեղծ հայրենասիրական ճառերով քողարկված կոռուպցիան, թալանն ու ամենաթողությունը: Նրանք կարող են ջանալ քաղաքական անձերին հեռացնել քաղաքականությունից, բայց պետությանն այլեւս վնասելու իրավունք չունեն եւ չեն կարողանալու: Որովհետեւ դա թույլ չի տալու քաղաքացին: Ու ինչպես մյուս դասականի տատն էր ասում` մենք դրա համար չենք այսօր հավաքվել, քանզի, երիցս ճշմարիտ էր դասականը` մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Կամ վերաձևակերպելով նրա միտքը` մենք կրկեսի վերածելու պետություն չունենք: Այս պետության գլխին այլեւս ոչ ոք վարսավիրություն չի սովորելու:

 

Քրիստինե Խանումյան