25.10.2018 12:30

Հարութ Ուլոյան. Քոչարյանը «տարածքներ զիջել» ենթադրող առնվազն 3 փաստաթղթավորված տարբերակ է բանակցել

Հարութ Ուլոյան. Քոչարյանը «տարածքներ զիջել» ենթադրող առնվազն 3 փաստաթղթավորված տարբերակ է բանակցել

Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցարույց է տվել, այս անգամ` «Հայոց աշխարհին»

Պատասխանելով այն հարցին, թե «Մեր հանրության տիրապետող դիրքորոշումն այն է, որ մենք զիջելու տարածք չունենք», Քոչարյանը, ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարում է. «Հանրային ընկալումն իրոք այնպիսին է, որ որեւէ տարածք պետք չէ զիջել: Նշանակում է՝ իշխանությունները պետք է կա՛մ ամբողջությամբ վերանայեն բանակցային գործընթացը, կա՛մ բանաձեւ գտնեն, որը նաեւ ընկալելի կլինի մեր հանրության համար: Սրա հետ մեկտեղ, անշուշտ, կրեն պատասխանատվություն հետեւանքների համար»:

Նման միտք արտահայտում է մի մարդ, որը դե ֆակտո 10 տարի ղեկավարել է Հայաստանը, և որի օրոք «տարածքներ զիջելու» վերաբերյալ «հանրային ընկալումները», վստահաբար, ավելի հանդուրժողական չէին, քան հիմա: Մի մարդ է խոսում տարածքներ չզիջելու «հանրային ընկալումներից», որն իր ղեկավարության օրոք՝

 - «Ընդհանուր պետություն» [1] կոչվող փաստաթուղթն ընդունել է որպես բանակցությունների հիմք, որտեղ Արցախը նշվում էր որպես Ադրբեջանի անբաժանելի մաս,

- բանակցել է «Քի-Ուեսթյան» [2] տարբերակը, ըստ որի` նախատեսվում էր Մեղրիի շրջանը փոխարինել Լաչինի շրջանի հետ,

- բանակցել և բանակցությունների հիմք է ընդունել փուլային և փոխզիջումային լուծումներ ենթադրող «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը:

Քոչարյանն իր ղեկավարության ժամանակաշրջանում «տարածքներ զիջել» ենթադրող առնվազն երեք փաստաթղթավորված տարբերակ է բանակցել, որոնցից երկուսն ընդունել է բանակցությունների հիմք, իսկ հիմա խոսում է հանրային ընկալումների, բանակցային գործընթացի վերանայման ու պատասխանատվության մասին: Քոչարյանը, մեծ-մեծ «խորհուրդներ» տալու փոխարեն, թող իր իշխանության տարիներին, պատասխանատվություն ստանձնելով, վերանայեր բանակցային գործընթացը կամ իր կողմից բանակցված «տարածքներ զիջող» փաստաթղթերը այդ տարիներին ներկայացներ հանրությանը: Ավելին, եթե Հայաստանի ինչ-որ ղեկավար բանակցային գործընթացում շրջադարձ իրականացնելու «հիմք» ուներ, ապա դա միայնումիայն Քոչարյանն էր, քանի որ 1998թ. պետական հեղաշրջման արդյունքում նա դարձավ Հայաստանի ղեկավար` փոխզիջումը որպես «Արցախը ծախել» ներկայացնելու կարգախոսով:

Նույն հարցազրույցում, անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե «մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Արցախին», Քոչարյանը հայտարարում է հետևյալը. «Ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետեւյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: … Այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում»:

Եթե մինչ այժմ Քոչարյանը չի ընկալել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված «մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Արցախին» միտքի քաղաքական էությունը, այլ այդ միտքը ներկայացնում է որպես Արցախին թողնել «մեն-մենակ», ապա դա կամ սեփական սխալները քողարկելուն ուղղված մանիպուլյացիա է, կամ խոսում է այն մասին, որ Քոչարյանի համար ընդունելի չէ Արցախի հարցի լուծումը` ինքնորոշման սկզբունքի հիման վրա, կամ էլ Քոչարյանը բացարձակապես գաղափար չունի, թե ինչ է նշանակում «ինքնորոշում»:

Եթե այս փուլում Արցախի հարցի քաղաքական լուծումը հայկական կողմերի համար հանդիսանում է Արցախի ինքնորոշումը, ապա թե՛ քաղաքական, թե՛ պարզ տրամաբանության առումով, այո, Արցախի ճակատագիրը կախված է Արցախի ժողովրդի ցանկությունից, ըստ այդմ` ինչ որոշի Արցախի ժողովուրդը, դա պիտի ընդունելի լինի նաև ողջ հայ ժողովրդի համար: Իսկ եթե մենք այս դիրքորոշումը համարում ենք անընդունելի, ապա մենք ինքներս ենք «էս գլխից» մերժում Արցախի ինքնորոշման իրավունքը: Եթե ոչ Արցախի ժողովուրդը, ապա ո՞վ պիտի որոշի նրա ճակատագիրը: Ամբողջ Հայաստա՞նը: Այսինքն` մենք ինքներս ենք մերժում Արցախի ինքնորոշման իրավունքն ու այդ հարցը դիտում ենք Հայաստանի կողմից տարածքների ընդլայնման հա՞րց:

Ի դեպ, Քոչարյանը նույն թեմային անդրադարձել է նաև 2003 թ .: Այդ ժամանակ Քոչարյանը, խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերը նշված դիրքորոշման մասին, պնդում էր, թե այդ դիրքորոշման հետևանքով միջազգային հանրությունը լուրջ ճնշումներ է բանեցրել Հայաստանի վրա և չի ընդունել Հայաստանի այդ գործելաոճը [3]: Շատ խելք պետք չի ունենալ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ պիտի, Քոչարյանի պնդմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման արդյունքում միջազգային հանրությունը ճնշում բանեցներ Հայաստանի վրա: Նման «ճնշումը» կարող էր լինել մի պարագայում՝ երբ Տեր-Պետրոսյանը բացառապես առաջնորդվեր հայկական կողմերի շահի գիտակցությամբ: Ի տարբերություն Քոչարյանի, միջազգային հանրությունն ու Ադրբեջանը շատ լավ են գիտակցել, որ «մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Արցախին» սկզբունքային դիրքորոշումն ուղղակի բխում է Արցախի ինքնորոշման տրամաբանությունից և հայկական կողմերի շահերից:

Ինքնորոշման խնդրի վերաբերյալ «հետևողականություն» չի ցուցաբերվում նաև մեզ հայտնի այլ գործիչների կողմից, այդ թվում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի, որը 2013 թ. մի առիթով պնդել էր. «Ինձ այդքան էլ դուր չի գալիս այն դրույթը, թե Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, քանի որ այն պաշտպանել են ոչ միայն արցախցիները, այլև Հայաստանն ու Սփյուռքը: Եվ դա նշանակում է, որ մեր կամքն էլ պետք է հաշվի առնեն (25.01.2013թ.)»: Իսկ տասն օր անց հայտարարել էր՝ «Արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում։ Սա ինքնորոշման համար պայքարի դասական օրինակ է (04.02.2013թ.)»:

«Մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Արցախին» դիրքորոշումը, բացի այն, որ ուղղված է Արցախի ինքնորոշման ամրապնդմանը, դա նաև Արցախն Արցախի հարցում բանակցությունների առանձին կողմ-սուբյեկտ ներկայացնելու հիմնասյունն է հանդիսանում:

Շարունակելով թեման, Քոչարյանը կարևորում է Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը, ապա հավելում, որ «վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին»՝ «հիշեցնելով», որ ինքը Հայաստանի ղեկավար է դարձել1998 թ.:

Քոչարյանն, այո, ճիշտ է, երբ պնդում է, թե նա 1998 թվականից է զբաղեցրել Հայաստանի ղեկավարի պաշտոնը, բայց իր ղեկավարության օրոք, 1998 թ. նոյեմբերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շրջանառված Արցախի հարցի լուծման «Ընդհանուր պետության» տարբերակը ներկայացվել է հակամարտության, բանակցությունների կողմ հանդիսացող բոլոր երեք կողմերին. Հայաստանն ու Արցախն ընդունել են այն, իսկ Ադրբեջանը մերժել է: Մինչ այդ էլ, 1997 թ., Արցախն է մերժել նույն Մինսկի խմբի կողմից շրջանառված «Փաթեթային» (հուլիս) և «Փուլային» (դեկտեմբեր) տարբերակները: Այն, որ Մինսկի խումբը չէր կարող 1998 թ.՝ Քոչարյանի օրոք, Արցախի դատին հանձնել Արցախի հարցի լուծման տարբերակ՝ մի պայմաններում, երբ Արցախն արդեն բանակցություններից դուրս մղված լիներ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Ավելին, 2006 թ. Քոչարյանն ինքն է արդարացրել Արցախը բանացային գործընթացից դուրս մնալը: Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների ձևաչափում Քոչարյանը երեք «դրական կողմ» է ներկայացրել. 1. Հայաստանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը, 2. ես՝ որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում իմ բոլոր այցերի, հանդիպումների ժամանակ ներկայացնել Ղարաբաղի հարցը, 3. երբ Հայաստանն է բանակցում, ՀՀ-ն իր ներուժը ամբողջովին՝ եւ դիվանագիտական, եւ տնտեսական, եւ պաշտպանական, ներդնում է այս հարցի կարգավորմանը [4]: Վերջում Քոչարյանը հարց է հնչեցրել. «Սա լո՞ւրջ արգումենտ է, թե՞ ոչ», ապա ինքն իրեն պատասխանել է` ««Իհարկե, սա շատ լուրջ հանգամանք է»: Այսինքն` Արցախի փոխարեն Ադրբեջանի հետ բանակցելու ձևաչափում «դրական» ու «լուրջ» հանգամանքներ նշելով՝ Քոչարյանն ուղղակի խոստովանել է, որ հենց ինքն է Արցախը բանակցային գործընթացից դուրս թողել:

Եթե Քոչարյանը իր կողմից 2006 թ. հնչեցրած այս հանգամանքները համարել է «դրական» և «լուրջ», բա հիմա ինչո՞ւ է կարևորում Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը: Թող նույն «լուրջ» հանգամանքները մատնանշի ու պնդի, որ առանց Արցախի, տեղի ունեցող բանակցություններն ունեն «դրական կողմեր»: Կամ` եթե, ըստ Քոչարյանի, Արցախը բանակցային գործընթացից դուրս է մղվել 1996 թ., բա 2006 թ. ինչո՞ւ չէր խոսում այդ մասին, ինչո՞ւ էր ամեն գնով արդարացնում բանակցությունների ձևախեղված ձևաչափը, ինչո՞ւ Տեր-Պետրոսյանին ուղղվող ներկայիս մեղադրանքները չէր հնչեցնում այն ժամանակ...

Հ.Գ. «1999-2001 թթ. և 2003-2004 թթ. Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև երկխոսությունը բանակցային բացառիկ ձևաչափ էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում էր նաև ԼՂ-ն: Դա սխալ էր իր կողմից, սեփական հնարավորությունների գերագնահատում էր», - Մինսկի խմբի ռուսական կողմը ներկայացնող նախկին համանախագահ Վ.Կազիմիրով, 2005թ.:

«Քոչարյանն է ցանկացել, որ բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը»,- Մինսկի խմբի ֆրանսիական կողմը ներկայացնող նախկին համանախագահ Բ. Ֆասիե, 2010թ.։

Եթե այսքանից հետո Քոչարյանը շարունակում է Արցախը բանակցությունների գործընթացից դուրս թողնելը վերագրել Տեր-Պետրոսյանին, ապա գործ ունենք կամ բանականության, կամ բարոյականության խնդրի հետ, ինչն արդեն ժամանակը ցույց կտա:

[1] - http://www.ilur.am/news/view/70886.html

[2] - http://www.ilur.am/news/view/70243.html

[3] - https://www.youtube.com/watch?v=PLp3ekdyN_4

[4] - https://www.aravot.am/2006/03/03/323389/