26.10.2018 12:31

Լիզա Ճաղարյան. Թու՛նդ են նեղացած «անփոխարինելիները»

Լիզա Ճաղարյան. Թու՛նդ են նեղացած «անփոխարինելիները»

Է՞լ ինչ մնաց անելու, որ դեռ չի հասցրել անել ՀՀԿ-ն՝ դժնատեսիլ հուշ դառնալուց առաջ։ Կարծես ինչ կարող էր՝ արեց։ Դրսից «տղա բերելու» բոլոր քսու տարբերակները փորձեց, մինչ օրս էլ շարունակում է (Աշոտյան Արմենի եվրոպաներում վերջին անազնիվ ու զվարճալի տվայտանքը վկա)։ Հանրապետականները նույնիսկ չխորշեցին կառչելուց այնպիսի «թոշակառուների» փեշերից, որոնց հետ սեփական անունը կապելն արդեն իսկ արյան հոտ արձակող հանցագործությունների մասնակից լինելու «լուսապայծառ» հեռանկար էր բացում իրենց առաջ։ Սրանք պատրաստ էին նույնիսկ կամովին մարդասպանի ծանր ու աններելի բեռ առնել իրենց ուսերին, միայն թե չկորցնեին իշխանությունը։ Է՞լ ինչ արեցին։ Զանազան մանրապճեղ դավեր «հյուսեցին» եւ դեռ էլի կփորձեն։

Զարմանալի բան չկա. վստահ էին, որ եւս քսան ու ավելի տարի «մաշկելու են» Հայաստանն ու հայաստանցիներին (ՀՀԿ-ի իշխանության «անմահության» մասին Շարմազանով Էդիկի ամբարտավան հավաստիացումները դեռ չեն մոռացվել), եւ մեկ էլ՝ մի քանի օրում ՀՀԿ-ական «ամրոցը» փլվեց հիմնահատակ՝ ավերակների տակ թաղելով անպատժելիության պատրանքը։ Դժվար է համակերպվել, դե՛ իրենք էլ չեն համակերպվում ու շարունակում են կախվել ցանկացած «փուռփուռից»՝ ցանկացած ստորագույն միջոցներով։

Զարմանալին ահա թե ինչն է. ոմանց աչքունքից, լալահառաչ ելույթներից, աղեկեզ հարցազրույցներից ուղղակիորեն հորդում է, որ էս մարդիկ շատ նեղացած են, մինչեւ հոգու խորքը խոցված են, մահացու վիրավորված են։

Ումի՞ց։

Միամիտներն ու անտեղյակները երեւի կմտածեն՝ նեղացած ու վիրավորված են իրենց տերերից, որոնք տարիներ շարունակ ներշնչել են սրանց, որ երբեւէ չի գալու պատասխան տալու ժամանակը։ Գուցե վիրավորված են, որովհետեւ իրենց պախանը խաբել է, որ ամեն ինչ՝ նույնիսկ թալանն ու սպանությունները, նույնիսկ արդարադատության խոշտանգումը «պատմական անհրաժեշտություն» են եւ արվում են հանուն Հայաստանի պայծառ ապագայի, եւ այս խեղճ անմեղներն էլ «պարզամտորեն» հավատացել են եւ հիմա, ո՜վ սարսափ, հանկարծ գլխի են ընկել, որ չէ՝ ինչ արվել է, արվել է միայն սեփական տնամերձի ու իշխանության երկարաձգման համար, եւ արվածն էլ աններելի հանցագործություն է հենց այդ նույն Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Պետության եւ պետականության նկատմամբ։

Ամենեւին։ Ոչ դես, ոչ դեն՝ սրանք անկեղծորեն նեղացած են Հայաստանի քաղաքացիներից։ Շա՛տ են նեղացած։ Վիրավորված են, որ իրենց հովվերգության վերջակետն այսպես կոպտորեն դրեցին։ Որ Հայաստանի ուսերին ցմահ նստելու հեռանկարի գլխին «ապերախտորեն» քար գցեցին։ Որ այլեւս չեն կարող թալանել իրենց սրտի ուզածի չափ, չեն կարող բանտերը լցնել իրենց տիրոջը չերկրպագողներին։ Որ այլեւս չեն կարող նույն լպիրշությամբ բարբաջել ՀՀԿ-ի ազգափրկիչ «գաղափարախոսության» մասին, չեն կարող նույն անամոթությամբ մեջբերումներ անել Գարեգին Նժդեհից։ Նեղացած են, որ զրկվեցին մրցանակներ ու պարգեւներ ստանալու հեռանկարից. ախր իրենց «դոշերին» մեդալ կախ տալու դեռ լիքը տեղ կա։

Ու ո՛չ մի զղջման խոսք՝ թեկուզ կակազելով, թեկուզ կիսատ-պռատ, թեկուզ ցածրաձայն, այն անթիվ ու աններելի չարագործությունների համար, որ քսան տարի շարունակ պատճառել են իրենց մերժող հասարակությանը։

Նույնիսկ հեռու-հեռու հորիզոնում նման բան չի նշմարվում։ Հակառակը՝ հայտնի կենդանու բութ համառությամբ շարունակում են դասեր տալ, թե պետությունն ինչ է, պետականությունն ու ժողովրդավարությունն ինչ թանկ բաներ են։ Եվ երեւի նույնքան բթամտորեն հույս են փայփայում, թե մեկ էլ տեսար՝ մոռացած կլինենք, որ այդ պետությունը մինչեւ ոսկրածուծը լափողներն իրենք էին, եւ որ ժողովրդավարություն ասվածը հենց իրենք այնպե՛ս էին սմբակներով կոխկռճել, որ վաղուց արդեն «զոհը» դադարել էր նույնիսկ տնքալ։ Առավե՛լ բթամտորեն երեւի նաեւ կարծում են, որ եթե իրե՛նք չեն սպանել, իրե՛նք չեն թալանել, ուրեմն՝ անմեղ են, եւ մարդասպանների, գողերի, սրիկաների շպրտած ոսկորները ստորաքարշորեն վայելողներն ու սրանց  քծնողները պակաս արգահատելի ու մերժելի են։

Շարունակեք նույն ոգով։ Ձեր որդեգրած անհեթեթ կեցվածքով, ձեր թառանչ-տնքոցներով դուք ընդամենն ամրապնդում եք այն համոզմունքը, որ պատմության աղբանոցը հենց ձեզնմանների համար է, եւ որ՝ քաղաքական դաշտից ձեր «անէացումն» ուղեկցվելու է բուռն եւ երկարատեւ ծափահարություններով։