26.10.2018 12:55

Մհեր Արշակյան. Ընտրությունները՝ ձեւով՝ համամասնական, բովանդակությամբ՝ նախագահական

Մհեր Արշակյան. Ընտրությունները՝ ձեւով՝ համամասնական, բովանդակությամբ՝ նախագահական

Առաջիկա արտահերթ ընտրություններն իրենց ձեւով կլինեն համամասնական, իսկ բովանդակությամբ՝ մեծամասնական: Նույնիսկ՝ նախագահական:

Իհարկե, նոր Ընտրական օրենսգրքով անցկացվելու դեպքում: Սա տարօրինակ պնդում է, եթե հիշենք, որ նոր ԸՕ-ն ընդհանրապես բացառում է որեւէ բնույթի մեծամասնականն ու ռեյտինգայինը՝ թաքնված կամ ոչ: Այսինքն, նոր ԸՕ-ով արտահերթ ընտրությունները կընթանան փակ համամասնական ցուցակներով, երբ ընտրվողը կուսակցությունն է, եւ ոչ թե մարդիկ: Սակայն փոքրիկ բացառություն կա, եւ այդ բացառությունը, այնուամենայնիվ, բացատրվում է մեր ընտրական մշակույթի բացակայությամբ:

Բանն այն է, որ, երբ ընտրություններին մասնակցում են խոշոր կուսակցությունները, մենք ընտրում ենք անձին, ոչ թե կուսակցությանը: Դիցուք, ԲՀԿ-ի դեպքում «ընտրվողը» Գագիկ Ծառուկյանն է, «Իմ քայլը» դաշինքի դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը: Եթե ՀԱԿ-ը հանդես գա Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմքով, «ընտրվողը» առաջին նախագահն է: Փոքրիկ բացառություն է միայն Դաշնակցությունը, որը երբեք «կենտրոնական» դեմք չունի, այս կուսակցության պարագայում կոնրետ դեմքով «ընտրյալ» չկա:  Առաջիկա ընտրություններում իր կերպարով Դաշնակցությանը կմիանա «Սասնա ծռերը»: Այս քաղաքական ուժը նույնպես կոնկրետ անուն չունի, Միայնակ Գայլը չկա, իսկ Պավլիկ Մանուկյանն, ամենայն հավանականությամբ, ցուցակում չի լինի: Հետեւաբար՝ «Սասնա ծռերն» էլ շատ քվե չի հավաքի: Որովհետեւ «սիրելի հերոսը», «կինոյի տղեն» չկա, ինչպիսին  Նիկոլ Փաշինյանն է, Լեւոն-Տեր Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը:

Ընտրողն իր քվեն տալիս է անունին, ոչ թե քաղաքական ուժին: ՀՀԿ-ական մի պատգամավոր ասում է՝ 2017-ին ՀՀԿ-ն իր բոլոր ձայները հավաքեց ռեյտինգայինով, կուսակցությանը ոչ մեկը ձայն չէր տվել: Սա բնական է ընտրական այն միջավայրում, որտեղ քաղաքական ուժերը ղեկավարողները երբեք հրաժարական չեն տվել ընտրություններում ձախողվելու դեպքում, երբեք չեն ընդունել իրենց սխալականությունը: Սա վերաբերում է հատկապես իշխանության կուսակցություններին: 1999-ի ԱԺ ընտրություններին ժողովուրդն իր քվեն չտվեց «Միասնություն» դաշինքին, այլ՝ Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին, 2003-ին Ռոբերտ Քոչարյանը չէր ղեկավարում ՀՀԿ-ն, իսկ Անդրանիկ Մարգարյանը այն հեղինակությունը չէր, որը կարող էր քվե բերել կուսակցությանը, ահա ինչու  այդ ժամանակ ՀՀԿ-ն հավաքեց 23.6 տոկոս: Մեծ մասն «ընտրվեց» մեծամասնական ընտրակարգով: Եվ ընդհանրապես, այդ տարին խայտառակ ցածր էր ընտրողների մասնակցության ցուցանիշը: Դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը երկու փուլով կեղծել էր նախագահի ընտրությունները: Նրա մրցակից Ստեփան Դեմիրճյանը ժողովրդի ընտրյալն էր, եւ նախագահի ընտրություններից երկու ամիս հետո 504 հազար քվե հավաքած այս մարդու գլխավորած «Արդարություն» դաշինքը «ստացավ» 163 հազար քվե:

Ինչու՞ է ժողովուրդը կուսակցությունների մեջ ընտրում մարդուն, եւ ինչու՞ են «կինոյի տղա» չունեցող կուսակցությունները ցածր քվեներ հավաքում: Պատճառն այն է, որ սպասելիքը մարդուց է, ցանկացած ընտրություն նախագահի ընտրություն է, եւ այս մեկը դեռ բացառություն չի լինի, Նիկոլ Փաշինյանը «նախագահ» է: Դաշնակցությունը քիչ քվեներ է հավաքում, որովհետեւ այնտեղ չկա մեկը, որից ընտրողը կոնկրետ իրեն վերաբերող սպասելիքներ ունենա: Քաղաքական ծրագրերը քիչ դեր են խաղում ընտրողի կողմնորոշումների մեջ: Հենց այս խայծն էր նկատի ունեցել ՀՀԿ-ն, երբ ներմուծել էր ռեյտինգային ընտրակարգը: Ռեյտինգայինը չկա, բայց կան այն հեղինակությունները, որոնք ձայն են բերելու իրենց անձով, ոչ թե կուսակցությամբ: