26.10.2018 13:43

Նախագահական ընտրություններ Վրաստանում. ուժերի դասավորությունը

Նախագահական ընտրություններ Վրաստանում. ուժերի դասավորությունը

Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 28-ին, վրաց ընտրողները վերջին անգամ կքվեարկեն նախագահական ընտրություններում:

Չնայած կառավարման խառը ձևին (խորհրդարանա-նախագահական հանրապետություն)՝ 2017 թ. հոկտեմբերին երկրի խորհրդարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունները, որոնք զգալիորեն սահմանափակում են նախագահական լիազորությունները՝ Վրաստանը, փաստորեն, վերածելով խորհրդարանական հանրապետության: Ընտրություններից հետո նախագահը կպահպանի երկրի ղեկավարի գործառույթները, սակայն կկորցնի գործադիր գործառույթները՝ դառնալով ներկայացուցչական ֆիգուր, ինչպես մյուս խորհրդարանական դեմոկրատիաների դեպքում է:

Ընտրություններում գրանցվել է 25 թեկնածու, սակայն քաղաքագետների գնահատականների համաձայն՝ նրանցից ընդամենը մի քանիսը հաղթելու իրական շանսեր ունեն:

Շատ վերլուծաբանների կարծիքով՝ ակնհայտ ֆավորիտն ընտրություններում արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին է: Նա հանդես է գալիս որպես անկախ թեկնածու, սակայն նրա առաջադրումը պաշտպանել է իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» դաշինքը:

Տասնյակ մանր կուսակցությունների միավորող ընդդիմադիր «Ոժը Միասնությունն է» դաշինքի հիմնական թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն է: Այս դաշինքը հիմնադրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Վրացական քաղաքականության մեջ որոշ իմաստով  փոխզիջումային թեկնածու է համարվում «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիդ Բակրաձեն:

Մյուս թեկնածուներից կարելի է նշել Զուրաբ Ջափարիձեին՝ «Գիրչի» կենտրոնամետ կուսակցության թեկնածուին: Այդ կուսակցությունը հայտնի է նրանով, որ հանդես է գալիս ի պաշտպանություն մարիխուանայի օրինականացման:

Վրացական վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում բնակվում է 3,73 մլն մարդ: Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրելու իրավունք ունի 3,5 մլնից քիչ ավելին: Այս թվի մեջ ընդգրկված են նաև արտասահմանում բնակվող և ձայնի իրավունք ունեցող վրացիները:

Փոխանցում է euronews-ը: