27.10.2018 16:20

Սերգո Տոնոյան. Արմեն Սարգսյանը չի հանդարտվում

Սերգո Տոնոյան. Արմեն Սարգսյանը չի հանդարտվում

Հայաստանի հանրությանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու անհրաժեշտ փաստաթուղթը այդպես էլ ցույց չտված Արմեն Սարգսյանը համառորեն շարունակում է ասպարեզ նետել համաշխարհային ազգի վազգենմանուկյանական ամբոխահաճո կարգախոսը։ Այս անգամ, սակայն, կեղծ այդ գաղափարը հնչում է փոքր-ինչ ձեւափոխված՝ հեռուն գնացող ավելի մեծ վտանգավոր արատ արտահայտելով. «Լինելով փոքր երկրի նախագահ՝ ես փորձում եմ միեւնույն ժամանակ լինել նաեւ համաշխարհային ազգի առաջնորդ»։

Չսահմանափակվելով, փաստորեն, սահմանափակ լիազորություններով ՀՀ նախագահի պաշտոնով՝ Արմեն Սարգսյանն աշխարհին ուզում է ներկայանալ որպես համաշխարհային ազգի առաջնորդ։ Պոպուլիստական նրա հնարքը պարզ է՝ Հայաստան ներդրումներ բերելու նպատակով նա փորձում է սիրաշահել միջազգային հանրությանը, սակայն ի՞նչ գնով։ Դեռ ինչ-որ չափով հասկանալի կլիներ, եթե վերջինս իր միտքը ձեւակերպեր՝ շեշտադրելով աշխարհով մեկ սփռված համայն հայության առաջնորդ դառնալու իր ցանկությունը, եւ ոչ թե միջազգային հանրությանը ավետեր, որ, պարզվում է՝ գոյություն ունի մի համաշխարհային ազգ (global nation), որի առաջնորդն էլ նա ուզում է դառնալ։

Լսելով Սարգսյանի ամբողջ ելույթը՝ պարզ է դառնում, որ խոսքը գլոբալիզացիային վերաբերող հարցերի մասին է, եւ հայերի ներկայացվածությունը աշխարհի տարբեր երկրներում, հատկապես՝ ազդեցիկ ներկայացվածությունը առաջատար եւ գերհզոր երկրների տնտեսական, ֆինանսական, մշակութային կյանքում եւ այլ ոլորտներում, հիմք է հանդիսանում ցույց տալ հայերի ներուժը՝ համաշխարհային գլոբալիզացիոն գործընթացների ամենաակտիվ մասնակիցներից մեկը դառնալու համար։ Սակայն այս ամենը ընդունելի եւ հասկանալի կլիներ, եթե Արմեն Սարգսյանը հայերի մասին որպես համաշխարհային ազգ խոսեր ոչ թե պարծանքով եւ հպարտությամբ (էլ չասած, որ անթաքույց փորձում է ծախել այդ փաստը միջազգային հանրությանը), այլ այն պարզ գիտակցումով, որ աշխարհով մեկ գոյություն ունեցող հզոր հայկական ներկայացուցչությունները՝ գաղթօջախները, մեր ազգի ողբերգության պատճառն են, եւ ոչ մի դեպքում՝ ինչ-որ առավելության կամ համաշխարհային ազգ լինելու հետեւանք։

Ընդ որում, այսօր՝ 21-րդ դարում, Հայաստանի համար այսքան կարեւոր մի ժամանակաշրջանում, ողբերգություն ասելով՝ պետք չէ հիշել բացառապես Ցեղասպանության հանգամանքը: Բազմիցս արդեն փաստվել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթածների թիվը սպառնալիորեն մոտենում է 20-րդ դարասկզբի ծանր ցուցանիշներին: Ստացվում է, որ Արմեն Սարգսյանը առանձնահատուկ հպարտությամբ է հիշում իր դեսպանության տարիները, երբ Հայաստանում հաստատված ավազակապետական, հանցագործ իշխանությունների վարած ապազգային քաղաքականության հետեւանքով հայությունը բռնում էր արտագաղթի ճանապարհը, իսկ ինքն էլ այնտեղ՝ Լոնդոնում, մի ձեռքը գրպանում դրած, ուրախությամբ էր լցվում՝ տեսնելով՝ ինչպես է հայ ժողովրդի լքում հայրենիքը եւ դառնում համաշխարհային ազգ:

Սրան զուգահեռ՝ համաշխարհային ազգի մասին խոսելիս Արմեն Սարգսյանը չի զլանում հատուկ շեշտել Հայաստանի՝ փոքր երկիր լինելու հանգամանքը: Մի՞թե պարզ չէ, որ Հայաստանը փոքր երկիր է, նախեւառաջ, ազգաբնակչության պակասի պատճառով, համակարգված կոռուպցիայի, քրեական բարքերի, պատերազմի վերսկսման վտանգի պատճառով՝ հանգամանքների մի շղթա, ինչն առնվազն կես միլիոն հայաստանցիների արտագաղթի պատճառ է դարձել:

Ով-ով, բայց Արմեն Սարգսյանն ինքը պետք է որ այս ամենը լավ իմանա, իսկ շատ ավելի լավ կլինի, եթե վերջապես դադարի քարոզել (այն էլ՝ աշխարհով մեկ) համաշխարհային ազգի մասին ցնդաբանությունը եւ իրական գործով զբաղվի: Ներդրումնե՞ր ես ուզում բերել Հայաստան, կարծում ես՝ ժամանա՞կն է, որ Հայաստանը Նոբելյան մրցանակի իր դափնեկիրներն ունենա, գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական առաջընթա՞ց ես ցանկանում Հայաստանին, ուրեմն վերադարձիր հայաստանյան իրականություն, որտեղ կենաց-մահու պայքար է այդպիսի ապագան իրականություն դարձնելու համար: Եւ պետք չէ միջազգային հանրությանը, որը վստահաբար ուշի ուշով հետեւում է հայաստանյան զարգացումներին, ներկայացնել այլ իրականություն: Որպես երկրի փաստացի նախագահ՝ Արմեն Սարգսյանը պարտավոր է վերանայել իր հայացքները եւ իր ամբողջ եռանդը ներդնել, նախեւառաջ, այո՛, փոքր երկրի, բայց դեռեւս մեծ խնդիրները լուծելու գործում՝ մեկընդմիշտ իր մտքից հանելով «համաշխարհային ազգ» լինելու դատարկ ու վտանգավոր եւ, ինչպես փաստեցինք՝ նաեւ ամոթալի կարգախոսը: