29.10.2018 15:44

Ճկուն եւ բարբարոս. Չզարմանանք, եթե վաղը ՀՅԴ-ն դաշինք կազմի ՀՀԿ-ի հետ

Ճկուն եւ բարբարոս. Չզարմանանք, եթե վաղը ՀՅԴ-ն դաշինք կազմի ՀՀԿ-ի հետ

Եւ այսպես, նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը տապալվեց, եւ դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններն անցնելու են հին Օրենսգրքով. այսինքն՝ ուժի մեջ է ռեյտինգային համակարգը, եւ Աժ-ում 4-րդ ուժի պատադիր ներկայություն չի լինի:

Հիշեցնենք, որ սահմանադրական այս օրենքի համար անհրաժեշտ էր առնվազն 63 կողմ ձայն, բայց նախագիծը ստացավ 62 կողմ: ԲՀԿ-ն ողջ կազմով ներկա էր ու կողմ քվեարկեց, կողմ էին նաեւ արդեն նախկին ՀՀԿ-ական պատգամավորները: ՀԴՅ խմբակցության որոշ պատգամավորներ եւս կողմ էին: Բայց, նրանց խմբակցությունից երկու պատգամավոր չմասնակցեց քվեարկությանը, ու դա, փաստորեն, որոշիչ ազդեցություն ունեցավ քվեարկության վրա: Փաստն այն է, որ Դաշնակցությունը տապալեց այս քվեարկությունը: Ու այստեղ, ահա, տրամաբանական հարց է առաջանում՝ լավ, բայց ինչո՞ւ:

ՀՀԿ-ն դեմ էր նոր օրենսգրքին, ու դա հայտնի էր: ՀՀԿ-ն հույս ունի, ռեյտինգային համակարգը ուժի մեջ թողնելով՝ գոնե մարզերում որոշ տոկոսներ ստանալ եւ, այդպիսով, անցնել ԱԺ:

Չմոռանանք, որ ռեյտինգայինը միայն ու պարտադիր չի ենթադրում, որ, ասենք՝ ՀՀԿ օդիոզ դեմքերը առաջադրվեն ռեյտինգայինով:

Նրանք ռեյտինգայինով ընտրվելու որեւէ շանս, բնականաբար, չունեն: ՀՀԿ-ի հույսը այլ բան է՝ ռեյտինգայինով մարզերում առաջադրել հեղինակություն կամ ճանաչում ունեցող անձանց: Չմոռանանք, որ գործող ԸՕ-ով այդ բոլոր անձանց ձայները ավտոմատ գնում են նաեւ իրենց առաջադրած քաղաքական ուժին: Այսինքն, տվյալ դեպքում ՀՀԿ-ն եւ, ասենք, նույն օդիոզ Արմեն Աշոտյանն ստանում են ոչ թե Աշոտյանին տրված ձայները, այլ, ասենք՝ Արմավիրում առաջադրված որեւէ հայտնի կամ ճանաչված մեկի, ենթադրենք՝ Պետրոս Պետրոսյանի ստացած ձայնը, որը ավտոմատ փոխանցվում է նաեւ ՀՀԿ ցուցակին: Սա է ՀՀԿ-ի հույսը: Եւ, բնականաբար, նաեւ նախընտրական քարոզարշավում լարվածություն ստեղծելու հույսը:

Այսօր լրագրողների հետ զրույցում Աշոտյանն ինքը ակնարկեց, թե ընտրությունների անցկացման պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա, եւ նրանք պետք է ամեն ինչ անեն, որ որեւէ խնդիր չառաջանա: Սա նշանակում է, որ իրենք խնդիրների հույս ունեն, օրինակ՝ հայտնվեն իրենցից զզված մարդկանց շրջանում, եւ մարդիկ էլ չզսպեն իրենց էմոցիաները եւ մի քանի լավ բառ ասեն իրենց: Ահա, եւ ուղղորդված քաղաքական հետապնդումների մասին հեքիաթները պատրաստ են: Այնպես որ, այսօվանից պետք է հստակ մարդկանց մեսիջ հղել՝ նախընտրական շրջանում նույնիսկ ամենաատելի ՀՀԿ-ականի հանդեպ չպետք է ցուցաբերվի այնպիսի վերաբերմունք, որը նրանք հետոագայում սիրով կշահարկեն՝ մեղադրելով իշխանություններին:.

Բայց դառնանք Դաշնակցությանը: Այս կուսակցությունը, որը հեղափոխության վերջին պահին հայտարարեց, թե լքում է կոալիցիան, իրեն հենց սկզբից փորձեց տեղավորել հեղափոխության հայրերի աթոռներին: Բայց այդ պահից սկսած՝ այս ողջ ընթացքում այդ կուսակցության վարքը կայուն տատանվողական է: ՀՅԴ-ն պարբերաբար մասնակցում է ՀՀԿ-ական սաբոտաժներին: Ու եթե ԲՀԿ-ի դեպքում նման փորձերը կարճ տեւեցին, ապա ՀՅԴ-ն դարձավ ավելի ու ավելի հետեւողական:

Ակնհայտ է, որ Դաշնակցությունը ի սկզբանե էլ ներկուլիսային պայմանավորվածություների արդյունքում հեղափոխության եւ հաղթանակի դափնիները կիսելու հույսեր ուներ: Եւ ակնհայտ էր, որ այդ կուսակցությունը չի ստանում այն, ինչ ցանկանում է: Եւ ակնհայտ էր նաեւ, որ հրապարակային սաբոտաժներով Դաշնակցությունը փորձում էր ընդգծել իր կարեւորությունը՝ ստիպելով իշխանություններին նրանց հետ էլ հաշվի նստել եւ գնալ որոշակի պայմանավորվածությունների: Բայց եթե ԲՀԿ-ի դեպքում իշխանությունները գնացին որոշակի զիջումների, ապա ՀՅԴ-ի պարագայում ակնհայտորեն այդ պայմանները չբավարարվեցին: Թերեւս՝ այն պատճառով, որ ՀՅԴ-ն իր քաղաքական կշռից ծանր պահանջներ էր ներկայացնում: Եւ հիմա, ընտրությունների շեմին ՀՅԴ-ն գնում է վա-բանկ: Թեեւ տրամաբանորեն իրեն էլ պետք է ձեռնտու լիներ նոր ընտրական օրենսգիրքը, այդ դեպքում գուցե հենց ՀՅԴ-ն լիներ ԱԺ պարտադիր անցնելիք 4-րդ ուժը: Բայց այդ կուսակցությունը արեց այն, ինչ պետք էր ՀՀԿ-ին: Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, որ սա միայն կուսակցական կապրիզ էր՝ «տուր մի աչքս հանի, մենակ թե հարեւանիս երկու աչքը դուրս գա» սկզբունքի ծիրին մեջ: Ինչը եւս չի բացառվում: Այսինքն՝ դու, իշխանություն, իմ պահանջները չես կատարում, դե ես էլ, ահա, սաբոտաժ եմ անում եւ քո բերած նախագիծը տապալում եմ:

Բայց հաշվի առնելով ՀՅԴ քաղաքական անսահման ճկունությունը՝ չի կարելի բացառել, որ այդ ուժը ամենեւին էլ պատահական չի նստել ՀՀԿ-ի կառքը: Ակնհայտ է, որ այսօր ԱԺ-ում ՀՅԴ-ՀՀԿ փոխօգնությունն իր շարունակությունն է ունենալու նաեւ արտահերթ ընտրությունների ժամանակ: Այսօր ՀՅԴ-ն օգնում է ՀՀԿ-ին պահպանել ռեյտինգայինը, վաղը՝ ՀՀԿ-ն իր «տասովշիկներով» կփորձի օգնել ՀՅԴ-ին: Եթե, իհարկե, կարողանա: Իսկ գուցե այդ երկու ուժերը վաղը հենց բացահայտորեն միավորվե՞ն: Գուցե սա ընդամենը քաղաքական նոր դաշինքի ծնունդն էր:

Քրիստինե Խանումյան