30.10.2018 11:31

Արսեն Գրիգորյան. Առաջիկա ընտրությունները կլինեն կիսաքաղաքական

Արսեն Գրիգորյան. Առաջիկա ընտրությունները կլինեն կիսաքաղաքական

Ընտրությունները կընթանան ռեյտինգայինով: Վերջապես ՀՀԿ-ն հայտնվեց մոր փորում: Ոչ միայն այն պատճառով, որ հաստատ մի քանի հեղինակություն ունի անցկացնելու համար, այլեւս այն պատճառով, որ այդքան հեղինակություն ՔՊ-ն չունի:

Բայց ՀՅԴ-ի ինչի՞ն էր պետք նոր ԸՕ-ի տապալումը: Ես այնքան էլ լավ չհասկացա:

Ես, իհարկե, ենթադրում եմ, որ ՀՅԴ-ն դեմ չէր նոր օրինագծին,-քանի որ արտահերթ ընտրություններում երկու տոկոս հավաքելը հաստատ ավելի ռեալ է, քան՝ 5 տոկոսը,-եւ իր երկու պատգամավորներին խորհրդարան չէր բերել այն համոզմունքով, որ, մեկ է, ՔՊ-ն բերման կենթարկի իրեն պետք եկող նախկին ՀՀԿ-ական օլիգարխներին: ՔՊ պատգամավոր Հրաչ Հակոբյանն այդպես էլ ասել էր՝ կբերենք: Բերեցին, բայց չհերիքեց: Բայց, ախր, ՔՊ-ն էլ, ՀՅԴ-ն էլ գիտեին, որ իրենց միայն քաղաքական, կամ գոնե պաթոսի վրա հիմնված ընտրություններ են պետք, պետք են, հատկապես, սեւն ու սպիտակն ընգծող տեքստեր: Դա հենց այն է, ինչը չի կարող անել ՀՀԿ-ն:

Իսկ հիմա, խնդրեմ, դիցուք, Հակոբ Հակոբյանը Մարտունու եւ Վարդենիսի տարածաշրջանում կարող է հավակնել 7-ից 10 հազար ձայնի, որովհետեւ էդ մարդը էդ հատվածների հեղինակությունն է: Ու՞մ են դնելու այս մարդու դեմ ՔՊ-ականները: Մի խոսքով, հակասական վիճակ է: ՔՊ-ն իր քվեները ձեռք է բերելու բոլորին ուղղորդելով դեպի կուսակցությունը, իսկ ՀՀԿ-ն՝ բոլորին ուղղորդելով դեպի այս կամ այն հեղինակությունը: «Լույս» դաշինքը Վանաձորում, օրինակ, փառաբանելու է Էդմոն Մարուքյանին, բայց այնտեղ ավանդաբար ուժեղ է նաեւ Վահրամ Բաղդասարյանը: Հենց թեկուզ` տարածաշրջանում իր բիզնեսների հաշվին: Մարզերում ընտրակաշառքը փող բաժանելու տեսքով չի լինի, այլ՝ «շառից-փորձանքից հեռու լինելու» իմաստով: Որովհետեւ եթե Վահրամ Բաղդասարյանը չանցավ, հո նրա բիզնեսները չեն փակվելու: Նա նույն գործարարն է լինելու, սակայն արդեն առանց պատգամավորական մանդատի:

ՀՀԿ-ն կուսակցական դրոշով չի մտնելու ընտրապայքար: Փոխարենը մյուս քաղաքական ուժերը հենց կուսակցական դրոշով են մտնելու: Հենց սա էր այդ կուսակցության՝ ՀՀԿ-ի խաղադրույքը, երբ խորհրդարանի իր պատգամավորներին ոգեկոչում էր չմասնակցել քվեարկությանը: Աշխատեց: Այս հեղինակությունները պատգամավոր պիտի դարձնեն նաեւ Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին եւ Արմեն Աշոտյանին: Որովհետեւ այս մարդկանց օգտին հազիվ թե ընտրողը կամավոր քվեարկի: Ահա ինչու նրանք խորհրդարան կգան ռեյտինգայինով կուսակցության «կուտակած» քվեներով: Կարելի է մտածել նույնիսկ 6-7 տոկոս քվեի մասին: Պետք չէր թերագնահատել ՀՀԿ-ին:

Հարց է ծագում՝ ո՞րն է Վահրամ Բաղդասարյանի կամ Հակոբ Հակոբյանի մոտիվացիան՝ մտնել խորհրդարան, եթե այդ անձեռնմխելիությունը նրանց չի օգնի քրեական գործ ծագելու դեպքում: Ըստ իս, խորհրդարան անցնելով նրանք ուզում են մնալ իշխանության տեսադաշտում՝ հարկավոր պահին նրանց բարեհաճությունը մուրալու համար: Նրանք չեն հավակնում լինել ընդդիմություն: Այդքան չեն ձգի: Ոչ ոք նրանց չի ասելու, որ հիմա ընդդիմադիր լինելը մահացու չէ, հիմա կարելի է լինել հարուստ եւ ընդդիմադիր: Բացի դրանից՝ հազիվ թե մի առվով հոսեն ԱԺ անցած ավագ ՀՀԿ-ականների եւ երիտասարդների ջրերը: Այնպես որ՝ նրանց մոտիվացիան այլ է լինելու, սակայն բուն գործունեությունը՝ այլ: Թեպետ արդյունքում կդադարեն լինել ՀՀԿ-ական: Նրանք չեն կարող այս ԱԺ-ում դառնալ քաղաքական կերպար: Այնպես որ՝ այս ընտրությունները կիսով չափ միայն կլինեն քաղաքական: Դա վերաբերում է նաեւ ՔՊ ցուցակին: Մյուս կողմից, հազիվ թե ՔՊ-ին հաջողվեր հենց առաջին փորձից անցկացնել քաղաքական ընտրություններ: Դրա համար այդ քաղաքական ուժին անհրաժեշտ էր սոցիալապես ավելի կայացած հասարակություն, որը չկա: