30.10.2018 17:47

«Ամենազոր կոռուպցիան». Առողջապահությունը հին եւ նոր Հայաստանում

«Ամենազոր կոռուպցիան». Առողջապահությունը հին եւ նոր Հայաստանում

2018 թվականի մայիսից արդեն հասկանալի էր, որ Հայաստանի նոր իշխանությունների կողմից համակարգային կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված գործողությունները հանդիպելու են համակարգված և կատաղի դիմադրության:

Տասնամյակներ շարունակ նախկին իշխանությունների և ՀՀԿ վերնախավի կողմից հովանավորվող կոռուպցիան ներառել է հանրապետության բոլոր կենսական ոլորտները, գերատեսչությունները, պետական հիմնարկները՝ վերից վար ախտահարելով բոլոր հնարավոր օղակները։

Կոռուպցիան իրականում շատ անգամ ավելի հզոր է, քան Սերժ Սարգսյանը կամ ԱԺ-ում «ընդդիմություն» խաղացող մի քանի տասնյակ ՀՀԿ-ական պատգամավորները: Սա է պատճառը, որ համակարգային կոռուպցիան չի պատրաստվում հեշտությամբ «հրաժարական տալ» կամ էլ «լուծարվել»: Վերջինս դեռ շա՜տ երկար է դիմադրելու հասարակության առողջ ուժերին, և նրան պարտության մատնելու, արմատախիլ անելու գործընթացը շատ անգամ ավելի մեծ նյարդային լարվածություն, ջանքեր ու երկար ժամանակ է պահանջելու, քան կարելի է պատկերացնել: 

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հետհեղափոխական իշխանության այն ներկայացուցիչներից է, որի դեմ համակարգային կոռուպցիան սկսեց կատաղի և անզիջում պայքար մղել հենց սկզբից: Հավանաբար, նախկին աշխատանքի բերմամբ տեղեկացված լինելով առողջապահական ոլորտում տիրող ապօրինություններին և արատավոր երևույթներին՝ երիտասարդ նախարարը միանգամից թիրախավորեց տասնամյակներ շարունակ առողջապահական ոլորտում գործող կոռուպցիոն սխեմաները։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բազմամիլիոնանոց խախտումների հայտնաբերման փաստը, դրա հետևանքով հարուցված քրեական գործն ուղղակիորեն առնչվում են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հորը՝ Արա Մինասյանին: Իհարկե, Արսեն Թորոսյանը պետք է հռչակվեր «թշնամի», իսկ նրա դեմ նախաձեռնած բարոյականության սահմանները հատող ապատեղեկատվական աննախադեպ արշավը պետք է դառնար ամենակատաղին ու ամենալայնածավալը: Չէ՞ որ Արսեն Թորոսյանը դուրս է եկել դեռ ոչ վաղ անցյալում հանրապետության ամենաազդեցիկ անձանցից մեկի դեմ: Արա Մինասյանի խնամի Սերժ Սարգսյանի խոսքով ասած՝ գլխից է բռնել:

Նորանշանակ նախարարի դեմ այսօր կանգնած է մի ամբողջ համակարգ՝ իր հեռուստաընկերություններով ու թերթերով, իր բլոգերներով ու ֆեյքերով, իր միլիոնավոր դոլարների կարողությամբ ու ազդեցությամբ:

Առողջապահության խոցված մաֆիայի թիվ մեկ խնդիրն Արսեն Թորոսյանի գործունեության և նրա անձի շուրջը բացասական աղմուկ ստեղծելն ու նրան արատավորելն է:

Այս համատեքստում դժվար թե Արսեն Թորոսյանի գործունեությունը և նրա կադրային նշանակումները Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի սրտով լինեին:

Տպավորվել էր լրատվականներում լայնորեն քննարկված մի դեպք, որը տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունում առողջապահության նախարար նշանակված Արմեն Մուրադյանի կառավարման շրջանում:

Ըստ «Հետք» լրատվականի հրապարակումների՝ Արմեն Մուրադյանի ղեկավարման տարիներին (2014, 2015 և 2016 թվականներին) առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի և Գալուստ Սահակյանի տիկնանց պատկանող «Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին «Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի պետական պատվերով բաշխվել է շուրջ 270 միլիոն դրամ՝ միայն նշված երեք տարվա ընթացքում տրամադրելով վերոնշյալ հաստատությանը ավելի քան 1,5 միլիոն դոլար։ Ի դեպ, այդ նույն ժամանակաշրջանում տուբերկուլոզի դեմ պայքարի բազմամիլիոնանոց ֆինանսավորում ունեցող ծրագրերը համակարգել է Վահան Պողոսյանը:

Առողջապահական ծառայություններ մատուցող այս բուժհաստատության կողմից արդյունավետ և որակյալ ծառայություններ մատուցելու գլխավոր երաշխավորը, այսինքն՝ տնօրենը, եղել է Վահան Պողոսյանի 1995 թվականին ծնված որդին՝ Էդգար Պողոսյանը։ Այսինքն, կամ այս ամենն իրականացվել է նախարարի գիտությամբ, կամ՝ «լավագույն դեպքում» Արմեն Մուրադյանը կարող է ասել, թե տեղյակ չի եղել իր տեղակալի կնոջ սեփականությունը հանդիսացող և որդու կողմից կառավարվող բուժհաստատության, ինչպես նաև շահերի բախման ցայտուն օրինակի մասին, այսինքն, տեղյակ չէր, թե ինչ է կատարվում իր ղեկավարած ոլորտում: Չէ՞ որ եթե Արմեն Մուրադյանը տեղյակ լիներ մանուկներին առողջապահական ծառայություններ մատուցող բուժհաստատության ղեկավարի 20 տարեկան լինելու հանգամանքին, գոնե հարց կուղղեր իր տեղակալին, թե՝ Վահան Պողոսյանի 20-ամյա որդին արդյո՞ք կարողանում է պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպել «Առողջ ապագա» բժշկական կենտրոն»-ում և արդյունավետորեն ծախսել տարեկան շուրջ 270 միլիոն դրամը, արդյո՞ք կարողանում է անբասիր վարքագիծ դրսևորել և օրինակ դառնալ ապագա բժիշկների ու հատկապես մանուկների հետ աշխատող բժիշկների համար:

Ի դեպ, համացանցում որևէ տեղ տեղեկություն չկար՝ Արմեն Մուրադյանի առողջապահության նախարար աշխատած ժամանակաշրջանում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստուգումներ իրականացվե՞լ են, թե՞ ոչ:  

Կարինե Մանուկյան