31.10.2018 12:14

Ինչը խանգարեց Սալոմե Զուրաբիշվիլիին հաղթելու առաջին փուլում

Ինչը խանգարեց Սալոմե Զուրաբիշվիլիին հաղթելու առաջին փուլում

Վրաստանի նախագահական ընտրություններում իշխող կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին չհաջողվեց հաղթել հոկտեմբերի 28-ին կայացած առաջին փուլում:

Վերլուծաբանների կարծիքով՝ դրա պատճառը Վրաստանի բնակչության շրջանում աճող դժգոհությունն է իշխող կուսակցությունից, բայց նաև՝ Զուրաբիշվիլիի մի քանի հայտարարությունները, որոնցով նա 2008 թ. օգոստոսյան պատերազմի պատասխանատվությունը դնում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վրա:

Կրեմլի շահերն սպասարկելու մեղադրանքները Զուրաբիշվիլիին ուղեկցում էին ողջ քարոզարշավի ընթացքում: Քննադատության հերթական ալիքը նրա վրա հորդաց այն ժամանակ, երբ նա հեռուստատեսությամբ հայտարարեց, թե «Վրաստանը 2008 թ. ռմբակոծեց սեփական բնակչությանը, ինչի իրավունքը ոչ մի նախագահ չունի»:

Անկախ նրանից, թե այդ խոսքը որքանով է համահունչ  2008 թ. պատերազմի մասին միջազգային կազմակերպությունների եզրակացություններին, այդ պատերազմում շեշտը Սաակաշվիլիի, այլ ոչ թե Ռուսաստանի վրա դնելը վրդովեց վրաց հասարակությանը, ասում են վերլուծաբանները:

Ընտրությունների առաջին փուլից վեց օր առաջ կրակի վրա յուղ լցրեց «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահական թեկնածու Դավիդ Բաքրաձեն: Նա Զուրաբիշվիլիին հիշեցրեց նրա գիրքը, որից Ռուսաստանը մեջբերումներ էր օգտագործել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում: 2011 թ. դատարանը որոշում կայացրեց, որ Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը իր իրավասությունից դուրս է:

Փոխանցում է BBC-ն: