31.10.2018 14:57

Ռեյտինգայինի թակարդը. Քվեարկում ես Պողոսին, պատգամավոր է դառնում Շարմազանովը

Ռեյտինգայինի թակարդը. Քվեարկում ես Պողոսին, պատգամավոր է դառնում Շարմազանովը

Լրատվականներից մեկի՝ մարդկանց շրջանում անցկացրած հարցման արդյունքները ցույց տվեցին, թե ինչու է ՀՀԿ-ն ատամներով կառչել ռեյտինգային համակարգից եւ ամեն գնով տապալել  նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Այսինքն, հստակ երեւաց, թե որտեղ է թաղված շան գլուխը, եւ հենց դա է, որ նոր իշխանությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է բացատրեն մարդկանց:

Լրագրողը հարց էր տալիս՝ պատրաստ եք արդյո՞ք առաջիկա ընտրություններում ընտրել ՀՀԿ-ին, մարդիկ միանշանակ բացասական պատասխան էին տալիս: Մեղմ ասած: Բայց ահա, երբ լրագրողը հարցնում էր՝ իսկ եթե ձեր տարածաշրջանում առաջադրվի իքս անձը, նրան կընտրե՞ք: Եւ մարդիկ ասում էին՝ իհարկե, բա մեր մարզի, գյուղի, քաղաքի մարդ է, մեզ էլ վատություն չի արել, ինչի՞ չընտրենք: Ու թակարդն այն է, որ մարդիկ մինչ այդ, մեղմ ասած՝ բացասական արտահայտվելով, չէին հասկանում, որ ռեյտինգային ընտրակարգով ընտրական մեխանիզմն այնպիսին է, որ քանի լավ մարդ էլ առաջադրվի ՀՀԿ-ի կողմից, նրանցից որ մեկին էլ, հարգելով կամ խաթեր համար՝ ձայն տաս, արդյունքում նրանցից ԱԺ-ում հայտնվելու է միայն մեկ հոգի, իսկ ահա նրանց ստացած ԲՈԼՈՐ ձայները գնալու են ՀՀԿ- ին, այսինքն՝ ՀՀԿ համամասնական ցուցակին, այսինքն՝ այն բոլոր քաղաքական գործիչներին, որոնց ամիսներ առաջ մարդիկ մերժել են, որոնց չեն սիրում, որոնց չեն ցանկանում տեսնել իշխանության օղակներում:

Այսինքն՝ դու մերժում ես ՀՀԿ-ին, բայց «խաթեր համար» քվեարկում ես, ենթադրենք՝ Պողոսին, նա գուցե եւ բավարար ձայներ չունենա պատգամավոր դառնալու համար, բայց արդյունքում նրա ստացած քվեներով ԱԺ-ում հայտնվում է Արմեն Աշոտյանը: Ահա եւ ամբողջ աճպարարությունը: Հիանալի մեխանիզմ է, չէ՞. դու չես ուզում ԱԺ-ում տեսնել Արմեն Աշոտյանին, բայց քո հարեւանին տված քո քվեի շնորհիվ Աշոտյանը դառնում է պատգամավոր: Բա ՀՀԿ-ն էլ ինչպե՞ս չկառչի ռեյտինգայինից: Դուք պատկերացրեք, եթե ընտրություններն անցնում են պարզ համամասնական սկզբունքով, այսինքն՝ այն մեխանիզմով, որն ամրագրված էր ԸՕ նոր նախգծում: Ի՞նչ էր լինում այդ դեպքում: ՀՀԿ-ն ստանում էր, պատկերավոր ասած՝ ԶՐՈ ձայն:

Որովհետեւ դա քաղաքացու գիտակցված ընտրություն-մերժումն էր լինելու: Իսկ գործող օրենքով՝ գիտակցված մերժումը վերածվում է չգիտացված միջնորդավորված աջակցության:

Իհարկե, ՀՀԿ ներկայիս վարկանիշը հաշվի առնելով՝ շատերը պիտի կարծեն, թե այդ ուժից՝ ինչպես չարքից, բոլոր նորմալ մարդիկ պիտի ջանան հեռու մնալ, ո՞վ է խելքը հացի հետ կերել, որ գնա իր անունով ձայն բերի ՀՀԿ-ին:

Այո, դա այդպես է: Բայց տեսեք, այդ կես-ուժը Ռոբերտ Քոչարյանի միակ հույսն է մնացել. մի ուժ էլ կա, որ դեռ տատանվում է ու փորձում է դեռ իր ծառայությունները թանկով վաճառել իշխանություններին, բայց նրա անունը այս նյութում չենք տա՝ պատկառելի տարիքը հաշվի առնելով: Քաղաքականություն վերադառնալու կամ գոնե գործընթացների վրա ազդելու մասին երազող մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ոչինչ չունի առաջարկելու ոչ միայն հանրությանը, այլեւ՝ քաղաքական ուժերին: Փոխարենը՝ նա ունի ֆինանսական ռեսուրս, եւ կան նաեւ բազմաթիվ այնպիսի անձինք, որոնք, պաշտոններ կամ այլ առաջարկներ չստանալու պատճառով նեղացած լինելով ներկայիս իշխանություններից, մեծ հաճույքով պատրաստ կլինեն հայտնվել ՀՀԿ-ի գրկում: Դա՝ Երեւանում:

Բայց ՀՀԿ-ի հույսն ակնհայտորեն մարզերն են, որտեղ ծանոթին ձայն տալու պրակտիկան ավելի արմատավորված է: Նրանք հույս ունեն նաեւ քոչարյանական ռեսուրսներով մարզերում գտնել «լավ տղայի» եւ «մեր ախպոր» համբավ ունեցող մի 3 տասնյակ մարդկանց, եւ նրանց միջոցով վերադառնալ ԱԺ: Սա է:

Այնպես որ, իշխանություններն այսօր կրկնակի բեռ ունեն իրենց ուսերին: Ոչ միայն պատշաճ նախապատրաստել ու կազմակերպել սպասվող արտահերթ ընտրությունները, այլեւ, որ, ըստ իս, առավել կարեւոր է՝ բոլոր հնարավոր միջոցներով իրազեկել մարդկանց ռեյտինգային համակարգի էությունը: Բացատրել մարդկանց, հասցնել նրանց, տեղեկացնել, որ Շարմազանովը կամ մյուսները ԱԺ կարող են անցնել ոչ միայն այն դեպքում, եթե մարդիկ նրանց օգտին քվեարկեն, այլեւ՝ եթե քվեարկեն այդ կուսակցության առաջադրած ռեյտինգային թեկնածուներին: 

Քրիստինե Խանումյան