31.10.2018 18:52

Լիզա Ճաղարյան. Արջն իր ահից է գոռում

Լիզա Ճաղարյան. Արջն իր ահից է գոռում

Ինչու՞ է այսքան անտանելի շատախոս դարձել Քոչարյան Ռոբերտը։

Ինքն ասում է, որ Հայաստանի գլխին վտանգ է կախված, դե՛ ալամ աշխարհն էլ հո գիտի՞, որ Քոչարյանն է հենց այն մարդը, որ չի ուտում, չի խմում, չի քնում՝ օրուգիշեր մտածում է միայն Հայաստանի մասին, եւ հենց այս դարդն է ահա՛ պատճառը, որ ինքն այսպես բլբուլ է կտրել, սազն առել, մեջլիս է դուրս եկել ու ականջ է ման գալիս, որ հիշեցնի մոռացկոտ աշխարհին, թե ինչ անգին ու տեղը տեղին տաշտշած քար է ինքը, եւ ահա՛ այսպես, ժողովրդական իմաստության տրամաբանությանը հակառակ՝ տասը տարուց ավելի է՝ ընկած է գետնին, ոչ մի բանի տեղ դնող չկա։

Հավատու՞մ է ինքն իր ասածին։ Անկասկած։ Այս մարդատեսակը քաջածանոթ է աշխարհին, Հայաստանին՝ նույնպես։ Սրանք կարող են փողոցներ ասֆալտապատել, կարող են բարձրահարկ տներ կառուցել, զուգահեռաբար՝ այդ ասֆալտը ողողել անմեղ մարդկանց արյամբ, բարձրահարկերի տարածքում ապրող նախկին բնակիչների մահվան, դժբախտության, գետի պես հոսող արցունքների պատճառ դառնալ եւ իրենց գազանությունները սառնասրտորեն հիմնավորել պետության կայունության եւ պետական գերակա շահի առաջնահերթությամբ։ Այնպես որ, ինչպես Իոսիֆ Վիսարիոնովիչն էր վստահ, որ ինքը միլիոնավոր մարդկանց գնդակահարում եւ սիբիրներ է քշում հանուն պետության, նույնն էլ, վստահ եմ, մտածում է Քոչարյան Ռոբերտը։ Ինչ է արե՞լ որ. մի տասը հոգու գետնին է փռել, մի քանի հարյուր հոգու էլ իրենց տներից քարշ տալով հանել ու փողոց է շպրտել, բայց հո՞ առաջինով ամրապնդել է իր նմանակի իշխանությունը, իսկ երկրորդով էլ «գեղատեսիլ» պողոտա է կառուցել։

«Հիմա ո՞վ է հիշում հայերի կոտորածը»,- այստեղ Քոչարյանին օգնության կհասներ Հիտլերը՝ հրեաների առաջ գազախցիկի դուռը բացելուց առաջ։

Նշված անձանց եւ Քոչարյանի չարագործությունների չափը գուցե համեմատելի չեն, իսկ ահա այս մարդատեսակի եւ բռնակալի դասական տեսակի համեմատությունը շատ տեղին է։ Սրանց համար մարդու կյանքը զրոյի արժեք ունի։

Մի կաթիլ անգամ չեմ կասկածում, որ Քոչարյանը ոչ մի սարսափելի ու դատապարտելի բան չի տեսնում իր իշխանության տարիներին կատարված քաղաքական սպանությունների, Հոկտեմբերի 27-ի զարհուրելի նախճիրի, Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների ապրած ողբերգության, Մարտի 1-ի խաղաղ ցուցարարների գնդակահարության, հարյուրավոր քաղբանտարկյալների խոշտանգումների, Պողոս Պողոսյանին սրճարանում «սատկացնելու» մեջ։

Եվ եթե չզգուշանա հասարակության հակահարվածից, շատ հանգիստ «կհիմնավորի», որ այս ամենը կատարվել է «հանուն պետության»։

Այնպես որ՝ արձանագրենք. Քոչարյանն իրո՛ք վստահ է, որ ինքը լավ ղեկավար է եղել։ Դե, որովհետեւ փողոցներ է ասֆալտապատել (Քըրքորյանի գրպանի հաշվին), գործարաններ է բացել (ոչինչ, որ ինքը ժապավենը կտրել գնացել է, իր գնալուց հետո կողպեքը նորից կախել են ու ամուր փակել նրա «տնտեսական հերթական նվաճման» դուռը, երշիկի արտադրամաս է բացել, տեղում տեղեկացել է, թե ջեմը ոնց են լցնում կոնֆետի մեջ... եւ այլն։

Այս ամենը ճիշտ է։ Բայց Քոչարյանի աննախադեպ շատախոսության պատճառը սրանք չեն։ Քոչարյանը շատ լավ գիտի, որ եթե նույնիսկ հաջողվի իրեն ինչ-որ կուսակցությունանման կառույց ստեղծել իր կուտակած հարստության միջոցով, միեւնույն է՝ ինքն այլեւս երբե՛ք Հայաստանում իշխանության չի հասնելու, որովհետեւ Հայաստանի հասարակությունն, առանց չափազանցության՝ ատում է իրեն։ Եվ այս ատելությունն, ի դեպ, փոխադարձ է։ Որքան էլ ճառի այս մարդը Հայաստանի ապագայի մասին իր հուզաթաթախ մտահոգությունների մասին, ինքը երբեք Հայաստանի քաղաքացուն չի ընկալել որպես իր հարազատի ու երբեք չի ընկալի։

Քոչարյանը խոպան էր եկել, եւ պատկերացրեք՝ մեծ հաջողությամբ ստացավ այդ խոպանից նույնիսկ իր ակնկալածից շատուշատ ավելի։

Ուրեմն, ինչու՞ է Քոչարյանը ռմբակոծում հասարակությանն իր «բացառիկ» հարցազրույցներով։

Մեկ պարզունակ պատճառով։ Վախենու՛մ է։ Որքան էլ որ անհոգ ձեւանա «միակ տղամարդը», որքան էլ բազմապատկի իր շահերը պաշտպանող փաստաբանների թիվը, որքան էլ մեկը մյուսից անհեթեթ դատական հայցերով բախի արդարադատության դուռը՝ պատրանք ստեղծելով, որ ինքն աշխարհիս երեսի ամենաանմեղ մարդն է, նա բոլորիցս լավ գիտի իր կատարած հանցանքների չափը։

Իսկ ինչու՞ է, ուրեմն, այսպես բլբուլ կտրել։ Հոգեբաններին կամ հոգեբույժներին կարիք չկա հարցուփորձ անելու։ Յուրաքանչյուրդ առնվազն մեկ անգամ զգացած կլինեք, որ վախ հարուցող մարդու դիմաց հայտնվելիս՝ եթե խուսափելու հնար չկա, սկսում եք խոսել, հարցեր տալ, անհարկի ծիծաղել, որ հաղթահարեք ձեզ պատած վախը։ Իբր՝ ամեն ինչ լավ է, մենքումերոնցով ենք, ասում-խոսում ենք։

Ժողովուրդն ավելի կարճ ու դիպուկ է ձեւակերպել՝ արջն իր ահից է գոռում։

Ու մեկը չկա, որ այս մարդուն ասի՝ ինչքան շատ ես խոսում, այնքան բորբոքվում է քո նկատմամբ Հայաստանի քաղաքացիների «ջերմ վերաբերմունքը»։

Մեկը չկա, որ այս մարդուն ասի՝ Հիտլերը չարաչար սխալվում էր, պարո՛ն Քոչարյան, հայերի կոտորածը ոչ ոք չի մոռացել, հակառակը՝ հիշողների թի՛վն է անհամեմատ ավելացել։