02.11.2018 12:02

Չերչիլի ծննդավայրում ստորջրյա սենյակներ են հայտնաբերվել

Չերչիլի ծննդավայրում ստորջրյա սենյակներ են հայտնաբերվել

Սենյակները հայտնաբերվել են այն ժամանակ, երբ Բլենհեյմյան պալատի տարածքում՝ Մալբորո դուքսերի տոհմական կալվածքում, լճերի մի մասը ցամաքեցվել է:

Խոսքը կալվածքի շինություններից մեկի մասին է, որը ջրասույզ էր արվել 1760-ական թթ., երբ ճարտարապետ Լանսլոտ Բրաունը որոշել էր կալվածքում լիճ ստեղծել: Նա այդ ժամանակ համարձակ որոշում էր կայացրել ջրասույզ անել ոչ միայն այդ շինությունը՝ իր 30 սենյակներով, այլև Բանբրու կամրջի զանգվածեղ հիմքը: Այժմ գիտնականները փորձում են ամրացնել այդ նշանավոր կամուրջը, դրա համար էլ ցամաքեցրել են լճերը:

Սենյակները բուխարիկներ և ծխատարներ  ունեն, պատերին 18-րդ դարի երկրորդ կեսի գրաֆիտիներ են հայտնաբերվել: Շինությունում նաև մի մեծ սենյակ կա՝ առանց պատուհանների, ըստ երևույթին՝ թատրոն:

Բլենհեյմյան պալատը Մալբորո դուքսերի տոհմական կալվածքն է: Պալատը Անգլիայի խոշորագույն համալիրներից է: Հենց այս պալատում է 1874 թ. ծնվել Ուինսթոն Չերչիլը, ու հենց այստեղ է նա 1908 թ. ամուսնության առաջարկություն արել իր կնոջը՝ Կլեմենտին Հոզիերին:

Փոխանցում է BBC-ն: