02.11.2018 12:46

Մհեր Արշակյան. Սատանայի էֆեկտը իշխանության մեջ

Մհեր Արշակյան. Սատանայի էֆեկտը իշխանության մեջ

«Քաղաքացիական պայմանագրին» ծանր ժամանակներ են սպասվում: Գուցե դրա համար կարիք լինի նույնիսկ ինքնազոհաբերման: Հանրապետականն այդպիսի ինքնազոհաբերման չէր կարող գնալ: Այն ի սկզբանե կարիերիստների եւ կոռումպացվածների բույն էր, որն իր պատկերով եւ նմանությամբ էր ուզում տեսնել ամբողջ Հայաստանը:

ՔՊ-ի բեռն ավելի ծանր է լինելու, քանի որ էս գլխից գիտի իր առաքելությունը՝ մաքրել Հայաստանը այն մտայնությունից, որ իշխանությունը կերակրաման է: Այո, ըստ իս, նա այդ առաքելությունը վատ չի անի, համենայնդեպս՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին բարձրաձայնում է ամեն առիթով: Բայց մի փոքրիկ խնդիր կա: Եվ դժվար է ասել, թե դա վատ է: ՔՊ-ն կարող է իր մեջ հավաքել, այսպես ասած՝ նոր սերնդի կարիերիստներին, ինչ-որ պահի նա դա հավանաբար կանի նույնիսկ ավելի ակտիվ տեմպերով, այսինքն՝ ինքնաապականման գնով: Ինչ-որ մեկը պետք է բերի այդ մաքուր ընկալումը, որ պետությունը որբի գլուխ չէ:

Ինքնին փաստ է, որ կուսակցությունները ծնվում են «լավագույն» մղումներով, բայց ավելի «լավագույն» են նրանց մղումները, ովքեր արդեն դարձել են իշխանություն: Հիմա ՔՊ-ում անդամագրումների ակտիվ փուլ է. ով համակրում է այդ կուսակցությանը, այսինքն՝ նրա առաջնորդին, դառնում է ՔՊ-ական: Սա հասկանալի փուլ է, առայժմ ժամանակ չկա զբաղվել նորեկների «լավագույն»  մղումներով: Բայց երբ գա դրա ժամանակը, ՔՊ-ում կհասկանան, որ կուսակցությունը մտել է ՀՀԿ-ացման փուլ: Ահա այդտեղ է գալու ինքնազոհաբերման անհրաժեշտությունը: Սա գիտակցված ընտրություն պետք է լինի, Փաշինյանն անձամբ պետք է «առաջնորդի» այդ ընտրությունը, ինչպես հեղափոխությունն առաջնորդեց: Ինչ-որ պահից ՔՊ-ն հասկանալու է, որ քաղաքացիական հասարակությունը եւ կարիերիզմը զուգահեռ ճանապարհներով են քայլում, եւ ոչ մի կերպ չի հաջողվում մի ամբողջ հանրապետություն դարձնել սպառիչ քաղաքացիական հասարակություն: Այսինքն, մարդկանց մի հսկա խումբ ոչ մի կերպ չի ուզում պարզապես լինել քաղաքացի եւ սեփական ջանքերով հասնել որեւէ արդյունքի մտավոր կամ ֆիզիկական աշխատանքում, նրանք ուզում են դա ստանալ իշխանությունից, պարզապես՝ որովհետեւ իշխանության կուսակցության անդամ են:

Սա հանրապետականացման բնական ուղի է, բայց ՔՊ-ում մեկը պիտի լինի, որ հասկանա՝ այսպիսի մարդկանց ՔՊ բերելով՝ իրականում կարեւոր գործ է անում՝ չմոռանալով, որ նրանք իրենց քաղաքական «գերեզմանը» պետք է այդ կուսակցությունում գտնեն: Որովհետեւ այսպիսի մարդիկ հակում ունեն ճանապարհորդելու իշխանությունից իշխանություն, այս ֆուշեությունը Հայաստանի համար չէ, մի կուսակցություն պետք է լինի, որ դառնա նրանց «գերեզմանը»:

Իհարկե, կա նաեւ քաղաքական համակարգը պարզապես փրկելու տարբերակը՝ առանց որեւէ մեկի փորձության չհանդիպած արժանապատվությունը գետնովը տալու: Որովհետեւ, ի վերջո, մինչեւ հիմա ոչ մեկը պարզապես մի կողմ քաշվելու եւ ապրել կարողանալու ընտրությունը չի ունեցել՝ առանց սեփական որակները կորցնելու: Իշխանությունը պահանջում էր ծախվել: Անպայման ծախվել: Սա Սատանայի էֆեկտն է իշխանության մեջ: Ուղղակի հիմա խնդիր կա: Իշխանությունը այսօր էլ, վաղն էլ չի ունենալու սոցիալ-տնտեսական այն գործիքները, որոնցով մարդը լինելու է ինքնաբավ: Սա հաստատ է, եւ դա նրա՝ ՔՊ-ի անգրագիտությամբ չի բացատրվում, այլ ստացած ժառանգությամբ եւ Հայաստանի փակ սահմաններով: Քաղաքական համակարգը հնարավոր չէ բյուրեղացնել առանց տնտեսական կատարյալ ազատության: Ապրելու ռեսուրսների սահմանափակության հարց է, իշխանությունը դառնում է կյանքի այն ապաստարանը, որպիսին Հյուսիսային Կորեայի բանակն է եւ մի շարք այլ աղքատ երկրների անվտանգության ծառայությունները: Հետեւաբար՝ կամ համակիրների գերեզմանոց, կամ անկաշկանդ տնտեսություն: