02.11.2018 13:49

Թրամփը խոստացել է հակահարված հասցնել միգրանտներին

Թրամփը խոստացել է հակահարված հասցնել միգրանտներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լատինաամերիկացի միգրանտներին նախազգուշացրել է խուսափել սահմանն ապօրինաբար հատելուց:

Հինգշաբթի ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ նա նրանց կոչ է արել կամ հետևել օրինական գործընթացին, կամ «ետ դառնալ»: «Հենց այս պահին միգրանտների՝ լավ կազմակերպված, մեծ քարավանները շարժվում են դեպի մեր հարավային սահմանը: Ոմանք խոսում են ներխուժման մասին, և դա իսկապես ներխուժման նման է, չէ՞ որ նրանք ուժի գործադրմամբ են հատել մեքսիկական սահմանը: Դուք ինքներդ եք դա տեսել երկու օր առաջ»:

Մինչդեռ  մոտավորապես 4 հազար փախստականներ Հոնդուրասից, Գվատեմալայից և Սալվադորից շարունակում են Մեքսիկայով շարժվել հյուսիսային ուղղությամբ: Նրանց հետևից դեպի ԱՄՆ են շարժվում հարյուրավոր մարդկանցից կազմված ևս մի քանի քարավաններ:

Թրամփը հայտարարել է, թե ոչ մի երկիր չպետք է թույլ տա, որ «գրոհեն իր սահմանների վրա», և խոստացել է 15 հազար զինծառայող ուղարկել՝ միգրանտներին հակահարված տալու համար: Միգրացիոն քաղաքականության խնդիրների համար նա պատասխանատվությունը դրել է դեմոկրատների վրա, իսկ ներգաղթյալներին մեղադրել է թմրանյութեր տարածելու մեջ: «Դա հսկայական խնդիր է, թմրանյութերը գետերով  հոսում են ու քայքայում մեր երիտասարդությանը, քայքայում հասարակության կառույցը: Թմրանյութերի խնդիրը երբեք այսքան լուրջ չի եղել, որքան այսօր է: Եվ, ինչպես արդեն ասացի, դրանք այստեղ հայտնվում են հիմնականում հարավային սահմաններով»,- ասել է Թրամփը:

Փոխանցում է euronews-ը: