02.11.2018 15:03

Լավրով. ԼՂ բանակցությունների ձևաչափը հնարավոր է փոխել միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ

Լավրով. ԼՂ բանակցությունների ձևաչափը հնարավոր է փոխել միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ

Լրջորեն պայմանավորվածություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում հազիվ թե ստացվի, քանի դեռ քաղաքական իրավիճակը Հայաստանում չի կայունացել, կարծում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների ձևաչափը հնարավոր է միայն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, ուրբաթ օրը հայտարարել է Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը չի կարող տեղի ունենալ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցության բանակցային գործընթացում:

«Դա մի հարց է, որ պետք է լուծեն հակամարտության կողմերը,- ընդգծել է Լավրովը:- Բնականաբար՝ ելնում ենք նրանից, որ Երևանը իր բանակցային դիրքորոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները: Սակայն ներկայիս երկկողմ ձևաչափը փոխելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը: Որքան գիտենք՝ նման համաձայնություն չկա»:

Լավրովը նշել է, որ Մոսկվան ողջունում է այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել սեպտեմբերին Դուշամբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում: «Ձեռք բերված համաձայնությամբ՝ անհրաժեշտ է շարունակել շփումները, արտաքին գործերի նախարարները կհանդիպեն, Հայաստանը և Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների հետ: Մենք ողջունում ենք այդ պայմանավորվածությունները, թեև հասկանում ենք, որ քանի դեռ Հայաստանում բավական բուռն ներքաղաքական գործընթացները չեն ավարտվել, ինչը մենք այժմ տեսնում ենք,  հազիվ թե հնարավոր է լրջորեն քննարկել այդ ճգնաժամից դուրս գալու որոշակի տարբերակաները և ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորման ապահովումը»,- ասել է Լավրովը:

Նախարարը հիշեցրել է, որ համանախագահներն այցելում են տարածաշրջան, հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ: «Նման շփումները պահպանելը կարևոր է, որպեսզի հնարավոր լինի, հենց որ հանգամանքները թույլ տան, արդեն զբաղվել կարգավորման հետ կապված  հարցերը լրջորեն քննարկելով»,- ասել է Լավրովը:

Փոխանցում է tass.ru-ն: