02.11.2018 19:01

Լևոն Տեր-Պետրոսյան. Յուրի Վարդանյանի հիշատակին

Լևոն Տեր-Պետրոսյան. Յուրի Վարդանյանի հիշատակին

Յուրի Վարդանյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական սպորտի լեգենդներից մեկն էր, որի անունն արժանի տեղ է գրավում Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, Վլադիմիր Ենգիբարյանի, Տիգրան Պետրոսյանի, «Արարատ-73»-ի տղաների փառապանծ անունների կողքին: Սակայն Յուրիկի մարզական սխրանքը չէ, որ ես ուզում եմ գնահատել, այլ ներկայացնել նրա կենսագրության մի ուշագրավ դրվագ, որը մինչ այժմ անծանոթ է եղել մեր հասարակությանը: 1988թ. մարտ ամսին Մատենադարանի և Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների կողմից ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր կազմակերպվել` Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման հարցով արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Ինձ և ֆիզիկոս Արա Կոզմանյանին բաժին էր ընկել այդ գործն իրականացնել Գյումրիում, որը Գերագույն Խորհրդում ներկայացված էր 12 պատգամավորով: Երկու օրվա ընթացքում, մարտի 8-ին և 9-ին մեզ հաջողվեց ձեռք բերել 8 ստորագրություն, որոնցից մեկը պատկանում էր Յուրի Վարդանյանին: Ընդ որում, վերջինս միակն էր, որին համոզելու համար մեզանից որևէ ջանք չպահանջվեց: Ընդհակառակը` նա չափազանց ուրախացավ և շնորհակալություն հայտնեց մեզ` իրեն դիմելու համար: Հաճույքով ստորագրեց, իր կնոջ հետ հյուրասիրություն կազմակերպեց և երկար զրուցեց Ղարաբաղյան շարժման և Ղարաբաղի հարցի լուծման շուրջ: Ինձ համար Վարդանյանի մարզական նվաճումներից առավել նշանակալի է, ահա, նրա կենսագրության այս էջը: Կցում եմ նրա ստորագրած դիմումի լուսապատճենը: